Երեւանը կդառնա Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության առաջին մայրաքաղաքը
СПОРТԵրեւանը կդառնա հոկտեմբերի 6-11-ը Երեւանում կայանալիք Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության առաջին մայրաքաղաքը: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
ԿԳՆ-ից հայտնում են, որ կազմկոմիտեի ներկայացուցիչները նախարար Արմեն Աշոտյանին ներկայացրել են առաջնության նախապատրաստական աշխատանքները: Նախարարը հանձնարարել է մրացաշարը կազմակերպել հավուր պատշաճի՝ համագործակցելով Շախմատի ֆեդերացիայի եւ համապատասխան պետական կառույցների հետ. «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Հայաստան այցելած երիտասարդները զգան, որ իրենք այցելել են շախմատային գերտերություն»,- նշել է ԿԳ նախարարը:
Երեւանում կայանալիք Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել եվրոպական 15 երկրների 30 թիմեր: Հայաստանն առաջնությանը մասնակցելու է տղաների ու աղջիկների 3-ական թիմերով:
Նշենք, որ Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը կազմակերպվում է առաջին անգամ՝ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի առաջարկությամբ:
Երկու տարի առաջ Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի կողմից հայտ է ներկայացվել Եվրոպայի ուսանողական մարզական ֆեդերացիային՝ Եվրոպայի ուսանողական մարզական առաջնությունների շարքում շախմատը ներառելու վերաբերյալ: Առաջարկությունն ընդունվել է եւ որոշվել՝ առաջին մրացաշարն անցկացնել Հայաստանում: