Ինչ դժվարությունների միջով է անցել Էրիկը՝ «Տիեզերք» տեսահոլովակը նկարելիս, և ում է այն նվիրված
ФОТО«Երբ իմ հոգին սիրահարվեց՝ ես հասկացա, որ ինձ համար կա մի աշխարհ... Ու մի տիեզերք....». ահա այս խոսքերով է սկսում Էրիկի «Տիեզերք» տեսահոլովակի անոնսը: Ինչպես արդեն հասկացանք երգը սիրո մասին է: Երգիչն այն կներկայացնի սիրո տոներին ընդառաջ: Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Էրիկը՝ բացելով մի քանի փակագծեր:
Երգի երաժշտության հեղինակը հենց ինքն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը:
«Տեսահոլովակը վաղուց է, ինչ պատրաստ է: Պարզապես ուզում ենք այն ներկայացնել ճիշտ ժամանակին: Նկարահանումներն անցկացրել ենք Հայաստանի տարբեր վայրերում: Երկու օր ձների մեջ լինելուց հետո՝ հիանալի արդյունք են ստացել Միակ բարդությունն այն էր, որ առավոտից մինչեւ երեկո պետք է ձյան մեջ լինեի: Բայց ամեն ինչի մասին մոռանում ես, երբ արդյունքը գոհացնում է: Կարծում եմ, լավ աշխատանք ներկայացնելու համար պետք է ջանքեր գործադրել»,- ասաց Էրիկը:
Վերջինս նշեց, որ նկարահանումները Նոր տարվա նախաշեմին են արվել. «Տեսահոլովակը նկարահանել ենք Նոր տարվա նախաշեմին՝ դեկտեմբերի 27-ն էր կամ 28-ը: Նկարահանումների հենց հաջորդ օրը մեկնել եմ Միացյալ Նահանգներ՝ դիմավորելու Նոր տարին: Այդ ամեն ինչից հետո պատկերացրեց 10 ժամից ավել օդում: Առողջականս մի փոքր վատացավ, բայց ոչինչ դա էլ անցավ: Սա առաջին դեպքը չէ, որ Ամանորի նախաշեմին տեսահոլովակ ենք նկարել: Մի անգամ էլ է եղել, երբ մարդիկ խոզի բուդ էին գնում, մենք տեսահոլովակ էինք նկարում, որ ուրախացնենք մեր հանդիսատեսին: Այս տարի նույնպես»:
Էրիկի խոսքով՝ տեսահոլովակը որպես այդպիսին սյուժե չունի: «Ես չեմ սիրում, որ տեսահոլովակը սյուժե է ունենում: Այն կարծես հիշեցնում է հնդկական ֆիլմերի: Ռիսկային է սյուժեով տեսահոլովակ նկարել, քանի որ կամ պետք է այնքան ճիշտ նկարես, որ չնմանվի որեւէ հնդկական էպիզոդի, կամ պետք է չանես: Այդ իսկ պատճառով միշտ խուսափել եմ սյուժեներից: Նախընտրում եմ նկարագրել ինչ-որ հոգեվիճակ երգի հետ կապված: Այս տեսահոլովակը հենց այդ շարքից է: Երգը տիեզերական սիրո մասին է, դժվար թե տիեզերքում +20 աստիճան տաքություն լինի: Դրա համար մենք նկարեցինք ձյան մեջ, որի սառնությունը համահունչ էր: Բայց միեւնույն ժամանակ, երբ սիրահարված ես լինում, տիեզերքում ամեն ինչ ջերմ է թվում: Դա է ամբողջ իմաստը»,- պատմեց Էրիկը:
Նա նշեց, որ տեսահոլովակն ունի հերոսուհի, որի դեմքը չի երեւում.« Այդպիսով մենք չենք անձնավորում երգը, քանի որ այն բոլոր սիրող մարդկանց մասին է գրված: Երգը նվիրում եմ բոլոր սիրահարված մարդկանց, որոնք կզգան այն ջերմությունը, որը փորձել եմ երգի միջոցով ներկայացնել»:
Շատ անգամներ է խոսվել, որ Էրիկի սիրտը զբաղված է: Այդ մասին երգիչը չի հերքել: Հարցին՝ արդյոք երգն այն հոգեվիճակն է, որով դուք ապրում եք, երգիչը պատասխանեց. «Կարծում եմ ցանկացած մարդ, երբ սիրահարվում է, կարող է ապրել այս զգացողությունը: Երբ սիրահարված չես լինում ու փորձում ես պատկերացնել դա, այլ է լինում, իսկ երբ սիրում ես եւ դրանով ապրում՝ ուրիշ է: Այս երգը հենց այդպես էլ զգացել եմ»: