Ինչպես Արման Նշանյանն ու Սոս Ջանիբեկյանը հաղթահարեցին խնդիրներն ու կրկին խաղացին «Կենտ զույգում»
ФОТОTert.am-ը գրում է.
Արման Նշանյանի և Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Կենտ զույգը» ներկայացումը 3 տարվա դադարից հետո կրկին կլինի Դրամատիկական թատրոնի բեմում։ Ներկայացման ռեժիսոր և գլխավոր դերակատար Արման Նշանյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ ներկայացումը կրկին կխաղան փետրվարի երկրորդ կեսին, սակայն տևական ժամանակ է, ինչ վերսկսել են փորձերը։
«Վերադարձիցս հետո տղաների հետ որոշեցինք, որ ափսոս է ներկայացումը, պետք է վերականգնել: Վերանայումներ և փոփոխություններ չենք արել։ Դերասանական կազմը ևս ամբողջությամբ պահպանել ենք։ Կան ներկայացումներ, որոնք տարիներ շարունակ խաղում են, հանդիսատեսն էլ գնում դիտում է։ «Կենտ զույգը» մեզ մնաց որպես այդպիսին»,– ասաց Արմանը։
Դերասանը նկատեց, որ «Կենտ զույգը» շատ լավ, խորը, միաժամանակ ծիծաղելի պիես է, նաև՝ կերպարներն են հետաքրքիր։ «Քիչ է լինում, երբ բոլորի դերերը հետաքրքիր են լինում։ Այս դեպքում յուրաքանչյուր կերպար իր ձևով հետաքրքիր է»,– ասաց Արմանը և նշեց, որ իր կարծիքով հանդիսատեսի շարքերում կլինեն և՛ նոր մարդիկ, և՛ այնպիսիք, ովքեր արդեն տեսել են ներկայացումը։ «Օրինակ ես մեծ հաճույքով նորից կնայեի։ Կան նաև մարդիկ, ովքեր չեն հասցրել դիտել ներկայացումը կամ չեն իմացել դրա մասին։ Նրանք էլ հնարավորություն կունենան տեսնել այն»,- հավելեց նա:
Ներկայացման մեջ խաղում են նաև Ստեփան Ղամբարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Գագիկ Սուքիասյանը, Լյուսի և Մարիամ Հայրապետյանները։
Այս ընթացքում Արմանը «Կենտ զույգը» բեմադրեց նաև ԱՄՆ–ում՝ դերասանական նոր կազմով, թեև մինչ այդ ասում էր, որ հիմնական կազմն է մեկնելու ԱՄՆ՝ ներկայացումը խաղալու։ ԱՄՆ-ում Արմանի գլխավոր խաղընկերոջը՝ Սոս Ջանիբեկյանին փոխարինեց Դավիթ Սեխպեյանը: Դրանից հետո խոսակցություններ տարածվեցին, որ Արմանի և Սոսի միջև տարաձայնություններ կան, քանի որ Սոսը Հայաստանում մի շարք առաջարկներ էր մերժել՝ ԱՄՆ մեկնելու համար։
«Առաջին հերթին մենք ընկերներ ենք, հետո միայն գործընկերներ։ Երբ աշխատում ես ընկերոջդ հետ, կարող են առաջանալ նաև խնդիրներ։ Մեզ մոտ հիմնական խնդիրն այն էր, որ ես, Սոսը և Արմանը Միտոյանը համատեղ էինք անում այս նախագիծը։ Որպես Ամերիկայի ներկայացուցիչ՝ ես պետք է կազմակերպեի ներկայացումն ԱՄՆ–ում խաղալու հարցը։ Փաստաբաններն ինձ էին խոստումներ տալիս, ես՝ անձնակազմին։ Արդյունքում նրանք գիտեին, որ տվյալ ժամանակաշրջանում ԱՄՆ–ում ենք լինելու և հրաժարվում էին ֆիլմերի, հեռուստանախագծերի առաջարկներից։ Սակայն վիզաների հետ կապված խնդիրներ առաջացան։ Դա իմ մեղքով չէր, պարզապես դրությունն էր այդպիսին»,– ասաց Արմանը ու հավելեց, որ Սոսի հետ հատուկ խոսակցություն չեն ունեցել այդ մասին, պարզապես հասկացել են իրար։
Ինչ վերաբերում է ԱՄՆ–ում գտնվելու փուլում Սոսի հետ շփվել–չշփվելուն՝ Արմանը նկատեց, որ երբ երկրում չի լինում, քիչ է շփվում ընկերների հետ: «Մենք այս փուլում ավելի քիչ ենք շփվել ոչ թե իրարից նեղացած լինելու, այլ տարբեր երկրներում գտնվելու պատճառով։ Երբ ես գնում եմ Ամերիկա, մյուս ընկերներիս հետ էլ շատ չեմ շփվում, հիմա էլ Հայաստանում եմ և Ամերիկայի ընկերներիս հետ եմ քիչ շփվում։ Այնպես չէ, որ նախկինում ամեն օր կամ ամեն շաբաթ շփվում էինք, ներկայացումն ԱՄՆ–ում բեմադրելուց հետո էլ չենք շփվել։ Մենք հոգու խորքում միշտ էլ ընկերներ ենք մնացել, քանի որ մեր ընկերությունն այլ մակարդակի է»,- եզրափակեց դերասանը: