Մթերվել է շուրջ 75 հազար տոննա խաղող, որից արդեն արտահանվել է 3750-ը. նախարար
ЭКОНОМИКАԱյս պահի դրությամբ մթերվել է շուրջ 75 հազար տոննա խաղող, որից արդեն արտահանվել է շուրջ 3750 տոննան, ինչը նախորդ տարվանից շուրջ 200 տոննայով ավել է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Արագածոտնի մարզի «Արմենիա Վայն» ընկերություն այցելության ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով տեղում ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին։
«Ներկայումս խաղողի մթերումների եռուն շրջանն է, եւ ընկերությունների մեծ մասն արդեն սկսել են մթերումներ իրականացնել: Առաջիկա 2-3 օրերի ընթացքում հանրապետության բոլոր մթերողները, բացի Վայոց ձորի մարզից, որտեղ հիմնական աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում, կանցնեն խաղողի մթերումների իրականացմանը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքով, պտուղ-բանջարեղենի ընդհանուր արտահանման ծավալները շուրջ 11 500 տոննայով գերազանցում են 2014 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը, ընդ որում մինչեւ տարեվերջ աճի դինամիկան կպահպանվի:
Նախարարը նաեւ հավելել է, որ այժմ հանրապետությունում ընթանում է բերքահավաք, բնակլիմայական պայմաններն այդ առումով նպաստավոր են, եւ շուկայահանման եւ վերամշակման առումով խնդիրներ չեն լինի:
Իր հերթին «Արմենիա Վայն» ընկերության ինդուստրիալ տնօրեն Դանիել Ղեւոնդյանը հայտնել է, որ այս տարի պայմանագրերով նախատեսել են 4500 տոննա խաղող մթերել, որից 2700 տոննան արդեն իսկ մթերվել է, մթերման աշխատանքները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 10-15-ը։
Անդրադառնալով արտահանման հարցին`տնօրենը նշել է, որ խնդիրներ գրեթե չեն եղել, բացառությամբ Ռուսաստանի Դաշնությունում վաճառքի ծավալների փոքր-ինչ նվազման։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` ընկերությունը նաեւ պայմանավորվածություններ է ձեռք բերել այլ երկրների հետ`արտադրված գինին արտահանելու համար։
Ընկերության ֆրանսիացի գինեգործն իր հերթին նշել է, որ թեեւ մթերման շրջանը դեռեւս ընթացքի մեջ է, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այս տարվա խաղողի բերքից որակյալ գինի կստանան: