Բանակը քեզ դարձնում է այն, ինչ իրականում կաս. Վահե Ալեքսանյանն` իր ծառայության տարիների մասին
ФОТОStyle.news.am-ը գրում է.
Բազմաթիվ երաժշտական նախագծերից, այդ թվում` «Դեպի Եվրատեսիլ»-ից հայտնի երգիչ Վահե Ալեքսանյանը բանակ զորակոչվել է մոտ 6 տարի առաջ:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչը պատմեց իր ծառայությունից եւ խոսեց այն մասին, թե ինչ ազդեցություն են թողել իր վրա բանակային երկու տարիները:
«Ծառայությունս սկսել եմ 2011 թ-ի դեկտեմբերի 19-ից: Ծառայել եմ Տավուշի մարզի Շամշադին քաղաքի բերդում: Մեծ սիրով եմ գնացել ծառայության: Երբ իմացա կոնկրետ, թե երբ պետք է գնամ, անհամբերությամբ ու հետաքրքրությամբ էի լցված»,-ասում է երգիչը, որը համարում է` ծառայությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր տղային.
«Եթե ուզում ես պաշտպանված լինել, ապա պետք է ուժեղ լինես: Եթե ուզում ես երկիրդ պաշտպանված լինի, պետք է լինես նրա ուժը»:
Վահեի խոսքով` բանակն օգնում է բացահայտել նաեւ ինքդ քեզ.
«Ինքդ քեզ ճանաչում ես դրական եւ բացասական իրավիճակների, իրադարձությունների շնորհիվ եւ դրանց հետեւանքով: Հետեւաբար, բանակից հետո դարձել եմ իրական Վահեին ավելի մոտ` ճանաչելով ինքս ինձ ավելի լավ, քան նախկինում»:
Երգիչն ասում է` բանակն իրեն սովորեցրել է ավելի ռեալիստ լինել: Իսկ հարցին` արդյոք ճի՞շտ է այն պնդումը, որ բանակն է տղային դարձնում տղամարդ, Վահեն պատասխանեց հետեւյալ կերպ.
«Բանակը քեզ դարձնում է այն, ինչ իրականում կաս: Կան մարդիկ, որոնք տղամարդ չեն դառնա ոչ մի իրավիճակում»:
Վահեն մինչ օրս կապ է պահում իր ծառայակից ընկերների հետ, եւ ինչպես ինքն է նշում. «Բանակային ընկերներն ուրիշ են»:
Երգիչը չմոռացավ նաեւ իր սրտի խոսքն ուղղել բոլոր զինվորներին` Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ.
«Ուժեղ եղեք եւ անկոտրուն: Հիշեք` ում համար եք այնտեղ…»:
Սյունե Առաքելյան