Ի՞նչ ընդհարումներ է ունենում Հրանտ Թոխատյանը ռուս ռեժիսորների հետ
ИНТЕРВЬЮԱրդեն հայտնել ենք, որ MEA CULPA-ի ստեղծագործական թիմը պատրաստում է ներկայացման երկրորդ մասը, որի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 21-ին: Առաջին ներկայացումը բեմադրվել էր 2002 թվականին, գործողություններն ընթանում էին 2015-ին:
Past.am-ի հետ զրույցում դերասան Հրանտ Թոխատյանը պատմեց, որ նոր ներկայացման գործողությունները նույնպես ապագայի՝ 2026-ի հետ են կապված: Սա միակ նախագիծը չէ, որի շուրջ զբաղված է դերասանը: ՀՀ ժողովրդական արտիստն առաջարկներ ունի նաև Ռուսաստանից և Վրաստանից:
«Սերգեյ Շակուրովի հետ ներկայացում ունենք, որի շուրջ վաղուց էինք խոսել: Ես նրան համարում եմ ռուսական լավագույն դերասաններից մեկը: Առաջարկն իր կողմից էր, ես մեծ հաճույքով համաձայնեցի, քանի որ մեծ պատիվ եմ համարում նրա հետ աշխատելը: Հաջորդ տարին ինձ համար հոբելյանական է, կփորձեմ բուռն գործունեություն ծավալել: Բազմաթիվ ֆիլմերի նախագծեր կան, բայց փակագծեր շատ չեմ բացի, քանի որ նախնական զրույցներն անիմաստ է հրապարակել»,- ասաց մեր զրուցակիցը:
Թոխատյանը հայտնեց, որ շատ ռուս ռեժիսորների հետ ընդհարումներ և անհամաձայնություններ է ունենում, որովհետև նրանք հայի կերպարի շուրջ կարծրատիպային մոտեցումներ ունեն: «Դա ինձ դուր չի գալիս: Անգամ մեծ գումարի դիմաց քեզ չպետք է թույլ տաս նման պրիմիտիվիզմ: Կան լավ առաջարկներ, որոնց մասին հետո կխոսեմ»,-նշեց Հրանտ Թոխատյանը:
Լևոն Փանոսյան