«Քայլ ձիով» ֆիլմի ղարաբաղցի աղջիկը՝ Թամարա Պետրոսյանը, «Ֆուլ հաուսում». ինչ է սպասվում հեռուստադիտողներին
ФОТОTert.am Life-ը գրում է
«Ֆուլ հաուսի» 6-րդ ենթաշրջանում հանդես է գալու դերասանուհի Թամարա Պետրոսյանը, ով հանդիսատեսին հայտնի է «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Ընտանյոք հանդերձ» սիթքոմից:
Դերասանուհին քիչ է ներկայանում հեռուստատեսային նախագծերում, սակայն հանդիսատեսը նրան ճանաչում է: Ժամանակին համացանցում իսկական հիթ էր դարձել նրա մասնակցությամբ ֆուտբոլային քննարկումը «Քայլ ձիով» ֆիլմից: Tert.am Life-ը Թամարայի հետ խոսել է «Ֆուլ հաուսում» մասնակցության, առաջարկները զգուշորեն ընտրելու և ոչ միայն այդ մասին:
-Թամարա, Դուք բավականին քիչ եք ներկայանում հեռուստատեսային նախագծերում: Ինչո՞վ Ձեզ գրավեց «Ֆուլ հաուսում» խաղալու առաջարկը:
-«Ֆուլ հաուսն» այսօրվա հեռուստատեսային լավագույն նախագծերից է, որն ինձ շատ է դուր գալիս: Շատ լավ պրոյեկտ է, որին մասնակցելը միայն դրական կողմեր ունի: Նաև՝ կերպարը դուր եկավ ինձ: Այսինքն՝ թե´ պրոֆեսիոնալ, թե´ որակական, թե´ կերպարային առումով առաջարկը գրավեց ինձ:
-Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը նշել է, որ ըստ կերպարի՝ օգնելու եք Սերգեյին, որպեսզի տկն Տամարան բաժանվի նրանից: Ի՞նչ բնավորություն ունի Ձեր հերոսուհին:
-Իրականում դեռևս կերպարի ֆունկցիան և ընդհանուր գծերը գիտեմ, սակայն գույները, «ոսկերչական աշխատանքը» նոր պետք է անենք: Նկարահանումները դեռ չենք սկսել, իսկ կերպարի հիմնական գույները գտնում ենք հենց նկարահանումների ժամանակ: Դերը խաղալու ընթացքում այդ գույները հաճախ միամիտ են բացվում:
-Հեռուստատեսությունում Ձեզ քիչ տեսնելը պայմանավորված է առաջարկների պակասո՞վ, թե՞ Ձեր խիստ ընտրությամբ:
-Երկրորդ տարբերակը: Միգուցե սուբյեկտիվ է, բայց շատ եմ կարևորում, որ ինձ դուրեկան լինեն աշխատանքը, որ անում եմ, դերը, որ խաղում եմ, մարդիկ, ում հետ աշխատում եմ: Եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, թերի է, սցենարը, ռեժիսորը լավը չեն, ես սկսում եմ շատ վատ որակ տալ, չուզենալով անել իմ աշխատանքը, ինչն ինձ համար սարսափելի է:
Ինձ համար իսկապես շատ կարևոր է՝ որտեղ եմ նկարահանվում, ում հետ եմ աշխատում: Բացի այդ, մի քանի տարի առաջվա համեմատ հիմա ավելի քիչ նախագծեր են արվում: Առաջարկը երբեք էլ շատ մեծ լինում, քանի որ շուկան փոքր է, տարվա ընթացքում մի քանի տասնյակ ֆիլմեր, նախագծեր չեն նկարահանվում: Փորձում եմ եղած տարբերակներից ընտրել լավագույնը:
-Առաջարկն ընդունելու չափանիշների մեջ ի՞նչ տեղ ունի հոնորարի չափը:
-Այստեղ առաջ է գալիս գաղափարի խնդիրը: Լինում են դեպքեր, երբ գաղափարն այնքան լավն է, որ հոնորարը մղվում է երկրորդ պլան, և համաձայնում ես խաղալ ոչ այնքան բարձր հոնորարով: Եթե լինում են նախագծեր, որոնք որակական առումով այնքան էլ գրավիչ չեն, հոնորարն էլ քիչ է, խոսելն ընդհանրապես ավելորդ է: Ոչ մի տեսակի հաճույք չես ստանում:)
-Թամարա, Ձեր մասնակցությամբ ֆիլմերից ամենամեծ տարածումը գտել է «Քայլ ձիովը», որում ղարաբաղցի աղջկա էիք մարմնավորում: Դրանից հետո Դուք քիչ երևացիք էկրաններին, հեռուստադիտողը, կարծես, մոռացավ ձեզ: «Ֆուլ հաուսից» ի՞նչ սպասելիքներ ունեք:
-«Ֆուլ հաուսը» շատ բարձր ռեյթինգ ունի, բնականաբար, հնարավոր է, ճանաչելիությունս ավելի շատանա:
Շատ տարօրինակ բան ասեմ, իմ ճանաչելիությունը եղավ «Քայլ ձիովի» ցուցադրությունից շատ ավելի ուշ, երբ ֆիլմից հատվածներ տարածվեցին համացանցում: Արձագանքները վերջին մեկ-երկու տարվա ընթացքում ավելի շատ են, քան ֆիլմի դուրս գալուց հետո: Թող անհամեստ չհնչի, բայց այդ ճանաչելիությունը շարունակվում է առ այսօր և չի քչացել:
-Ճանաչված լինելը որքանո՞վ է կարևոր Ձեզ համար:
-Ինձ համար ավելի կարևոր է որակյալ աշխատանքը, իսկ ճանաչված լինելը որակյալ աշխատանքի ածանցյալն է: Ճանաչելիությունը հաճելի է, առավել ևս, երբ դրական խոսքեր ես լսում, բայց դա չպետք է լինի ինքնանպատակ:
Գերնպատակը պետք է լինի լավ աշխատանքը, որը, էսպես, թե էնպես, հետագայում տալու է իր արդյունքը՝ սեր և ճանաչելիություն է բերելու: