Մեքքայում զոհված ուխտավորների մեջ թուրքեր եւ ադրբեջանցիներ էլ կան
МЕЖДУНАРОДНОЕՄեքքայում հրմշտոցից զոհված հարյուրավոր ուխտավորների մեջ կան նաեւ Թուրքայի եւ Ադրբեջանի քաղաքացիներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Կովկասի մահմեդականների վարչության ներկայացուցչին, հայտնել են, որ զոհվածների թվում է Ադրբեջանի 55-ամյա քաղաքացի Ֆահրադդին Զեյնալլըն: Նա մահացել է Մինա լեռան վրա ուխտավորների հոսքում ծագած անակնկալ հրմշտոցի ժամանակ: Երկու ադրբեջանցիներ էլ ծանր վիրավորվել են:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` այդ միջադեպի ժամանակ զոհվել են Թուրքիայի 18 քաղաքացիներ եւս:
Արաբական աղբյուրները հայտնում են, որ Մինայի անապատում ուխտավորների հրմշտոցից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը, իսկ վնասվածք ստացածների թիվը գերազանցում է 2000-ը: Անհետ կորածների մասին դեռեւս հստակ տեղեկություն չի հաղորդվում:
Վերջին անգամ Մեքքայում նման միջադեպ տեղի էր ունեցել 2006 թվականին: Այդ ողբերգության ժամանակ մահացել էին 360-ից ավելի ուխտավորներ:
Այս տարվա ընթացքում Մեքքայում դա արդեն չորորդ միջադեպն է: Նախ Մեքքայում փլուզում տեղի ունեցավ, որը խլեց տասնյակ մարդկանց կյանքեր: Հետո Հարամ մզկիթում ուժգին քամուց տապալվեց վերամբարձ կռունկը, որի հետեւանքով զոհվեց 107 եւ վիրավորվեց 238 մարդ: Դրանից հետո Մեքքայում սարի հոսքից զոհվեց նվազագույնը երկու ուխտավոր:
Սաուդյան Արաբիայում հաջի (ուխտագնացության) արարողության անկազմակերպ լինելու եւ նման միջադեպերին պատրաստ չլինելու հետ կապված Թուրքիայի կրոնական նախարարությունը հանդես է եկել հաջի կազմակերպման գծով մահմեդական երկրների հավաք կազմակերպելու նախաձեռնությամբ: Մեքքայում վերջին միջադեպում 118 ուխտավոր կորցրած Իրանն ԱԳՆ է կանչել Սաուդյան Արաբիայի դեսպանին եւ բացատրություն պահանջել:
Սաուդյան Արաբիան Մեքքայում վերջին ողբերգական միջադեպի համար մեղքը փորձել է բարդել աֆրիկացի ուխտավորների վրա: Սակայն Լիբիայի «Ադ Դիյար» թերթը հայտնել է, որ իրականում Մինայում տեղի ունեցած հրմշտոցը եւ մարդկային աղետի իրական պատճառը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ եւ այդ երկրի պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանն ու նրա շարասյունն է եղել:
Այդ օրն առավոտյան, երբ գրեթե միլիոնից ավելի ուխտավորներ գտնվել են Մինայում, Սալմանի ավտոշարասյան անցնելու համար ճանապարհը փակվել է: Ճանապարհի փակումը խցանում է առաջացրել հարյուր հազարավոր ուխտագնացների հանդիպակած հոսքերում: Հենց այդ պատճառով էլ ուխտավորների միջեւ հրմշտոց է սկսվել, ինչն էլ դարձել է մարդկային աղետի պատճառը. հազարավոր մարդիկ, ոտնատակ ընկնելով, զոհվել են:
Ուշագրավ է, որ սաուդարաբյան վարչակարգի անվտանգության մարմինները միջադեպի ժամանակ խոչընդոտել են մամուլի ներկայացուցիչների աշխատանքին: Նրանք տեղացի եւ արտասահմանյան մամուլի ներկայացուցիչներին մտցրել են փակ տարածք եւ թույլ չեն տվել դուրս գալ այնտեղից:
Լիբիական թերթը հայտնել է, որ Մեքքայում վերամբարձ կռունկի աղետը եւս տեղի է ունեցել Մուհամեդ բին Սալմանին պատկանող ընկերությունների մեկի թույլ տված անփութության պատճառով:



