«Պիտի որ լավ պապա լինեմ». Գևորգ Չուլյանի բացառիկ հարցազրույցը՝ Past.am-ին
ЛАЙФ- «Բանակում»-ում Դուք միանգամից նշաձողը շատ բարձր դրեցիք՝ կերտելով բոլորի կողմից սիրված կերպար: Դժվար չէ՞ր դրանից հետո նոր դերերում հանդես գալ:
- Դժվարություն, կարծում եմ, չպետք է լիներ: Դա մեր մասնագիտության մի մասն է, ավելի ճիշտ՝ դրա իմաստը՝ մի կերպարից մյուսն անցնելը:
- Հեռուստասերիալում Ձեր կերպարը բավականին դրական էր: Ավելի հեշտ ինչպիսի՞ կերպարներում եք խաղում՝ դրակա՞ն, թե՞ բացասական:
- Ճիշտն ասած՝ երբևիցե չեմ մտածել այդ մասին: Քանի որ հեռուստասերիալից հետո ես բոլորի հիշողության մեջ բարի, դրական կերպար եմ, պրոդյուսերները, ռեժիսորները բացասական կերպարում ինձ շատ դժվար են տեսնում: Միգուցե իմ ֆակտուրան է այդպիսին, չգիտեմ, բայց դերասանի համ միշտ միօրինակ դերեր խաղալն, իհարկե, ցանկալի չէ: Չէի ցանկանա, որ հեռուստադիտողի պատկերացումներում ես մնամ որևէ կերպարով շրջանակված:
- Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ այժմ նաև հանդիսություններ եք վարում: Ինչո՞վ է դա պայմանավորված, ինչու սկսեցիք այդ գործով զբաղվել:
- Արդեն գրեթե 5 տարի է, ինչ զբաղվում եմ դրանով: Որևէ գաղտնիք չկա, դա պարզապես գործ է, որի միջոցով գումար եմ վաստակում:
- Էկրանից դուրս ինչպիսի՞ն է Գևորգ Չուլյանը, ինչպիսի՞ հայր է երեխանրի համար և արդյոք հասցնու՞մ է շատ ժամանակ հատկացնել նրանց:
- Կստեմ, եթե ասեմ, որ շատ ժամանակ եմ նվիրում երեխաներիս, պարզապես չի ստացվում: Փորձում եմ մաքսիմալ շատ նրանց հետ լինել, ինչքան որ գրաֆիկս է թույլ տալիս: Պիտի որ լավ պապա լինեմ, քանի որ ինչ հնարավոր է անել նրանց համար, անում եմ: Սիրում եմ նրանց ինչ-որ տեղ տանել, զբոսնել նրանց հետ:
- Ի՞նչ նոր դերեր, կերպարներ սպասենք Ձեզնից:
- Այս պահին նկարահանվում եմ հեռուստասերիալում, որտեղ դերս ավելի շատ երկրորդական պլանի է: Չնայած՝ կարծում եմ, որ երկրորդական դերեր չկան, կան երկրորդական կատարողներ: Կատակով ասում են, թե այդպիսի դերերը գլխավոր դերերի թերությունները փակելու համար են: Նոր առաջարկ, գիտեմ, որ մոտ ապագայում դեռ չի լինելու, քանի որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն գիտի, որ եթե դերասանը նկարահանվում է մի ֆիլում, ապա նա ունի պայմանագիր, որն ավարտվելուց հետո միայն կարող է նոր դերերի մասին մտածել:Գեղարվեստական ֆիլմի խոսակցություն եղել է, բայց դա միայն խոսակցություն է, որը հասել է ականջիս, չգիտեմ՝ որքանով է իրատեսական:
Մարիամ Նալբանդյան