«Արմենալը» համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով
ЭКОНОМИКАՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 3-ին այցելել է «Արմենալ» գործարան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթանալով արտադրական գործըն թացներին՝ մետաղից մինչև փայլաթիթեղի վերջնական պատրաստում և փաթեթավորում։
Ընկերության մասնագետը նախարարին տեղեկացրել է, որ «Արմենալը» համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք ունեն նաև բնապահպանական նշանակություն. նվազեցվում են արտանետումները և վնասակար գործոնները։ Սարքավորումների ներկրման ժամանակ պետության կողմից տրվել է արտոնություն, որի շնորհիվ իրականացվել է արտադրական հզորությունների աստիճանական ավելացում։
Շրջայցից հետո նախարարը գործարանի ղեկավարության հետ քննարկել է արտադրության խնդիրները և հետագա ծրագրերը։ Սուրեն Կարայանը խոստացել է լուծումներ գտնել բարձրացված խնդիրների համար, որոնց թվում է ԱԱՀ-ի հետաձգումը և մաքսատուրքերից ազատումը։
«Արմենալ» գործարանը ստեղծվել է 2000 թվականին՝ «Քանաքեռի ալյումինի գործարան»-ի հիմքի վրա, այն ալյումինե փայլաթիթեղ արտադրող միակ ձեռնարկությունն է Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, ինչպես նաև խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկը Հայաստանում: