Ավտոմեքենա, ուղևորություն, թե մեքենայի գումար. ինչ անակնկալ է մատուցել Իրինա Թովմասյանի ամուսինը 35–ամյակին
ФОТО«Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող գեղեցկուհի Իրինա Թովմասյանն այսօր տոնում է 35–ամյակը։ Գեղեցկուհին առավոտվանից բազում շնորհավորական նամակներ և մաղթանքներ է ստացել։ Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց տարեդարձի անակնկալների մասին։
Իրինային առաջինը շնորհավորել է ամուսինը։ Առավոտ կանուխ սիրելի կնոջը հյուրասիրելով իր իսկ պատրաստած սուրճն ու քաղցրավենիքը։ «Օրվա ընթացքում այնքան էի գերհոգնել, որ փոքրիկներիս քնեցնելիս, ես էլ քնեցի։ Ի դեպ, ասեմ, որ նրանց կողմից դա մեծ անակնկալ էր, քանի որ սովորաբար ուշ են պառկում քնելու։ Կեսգիշերին չնշեցինք, բայց առավոտ կանուխ ամուսինս գեղեցիկ անակնկալ մատուցեց։ Սուրճ և քաղցրավենիք էր պատրաստել ինձ համար։ Հետո ֆեյսբուքում սկսեցի կարդալ բոլոր շնորհավորանքները, որոնք ինձ ուրախություն ու ժպիտներ պարգևեցին»,– պատմեց Իրինան։
Վերջինս նշեց, որ որոշել է տարեդարձի երեկույթին տարբերվող և հատուկ ընդգծված ոճով ներկայանալ։ «Որոշել էի հագնել կաշվե հագուստ և կրել աքսեսուարներ` ստեղծելով ռոքային ոճ։ Առավոտյան որոշեցի կատակել ու ամուսնուս ասեցի ուզում եմ ծննդյանս օրը ռոքերի ոճով լինել, փիրսինգ և նման այլ բաներ անել։ Այնքան եմ ծիծաղել, որ այդ ամենը լուրջ էր ընդունել։ Մեգին էլ չէր հասկացել, որ կատակ եմ անում, ասում է` մամ խնդրում եմ մազերդ մանուշակագույն չներկես։ Մի լավ ծիծաղեցինք ու այդպես սկսվեց օրս»,– նշեց Իրինան։
Օրվա ընթացքում գեղեցկուհին տարբեր անակնկալներ է ստացել։ «Այսօր ամեն վայրկյանը լի էր անակնկալներով։ Աշխատավայրում գեղեցիկ ծաղկեփունջ ստացա։ Հետո ամուսնուս ավտոմեքենայի մեջ նկատեցի երկար կարմիր վարդերի փունջ։ Տարեդարձիս սիրում եմ ստանալ ուղևորություններ։ Այս տարի իմ ամուսինը օրիգինալ ու տարբերվող գտնվեց մնացած տարիներից։ Հարցնում էր, թե ինչ ես ցանկանում` մեքենա, ճամփորդություն, թե մեքենայի գումարը։ Խճճվել էի չգիտեի, որը ընտրեմ։ Բայց, քանի որ Դուբայի ուղևորությունը չստացվեց, ես էլ ավտոմեքենա այդքան էլ լավ չեմ վարում, նա վճռական ձևով խոստացավ, որ հիմա գումարը կտա, հետո եղանակը տաքանալուն պես կմեկնենք ուղևորության, եթե կարողանա մեքենա էլ կգնի։ Իհարկե, չգիտեմ կլինի այնպես, ինչպես որոշել է, բայց գնահատեցի այդ քայլը»,– եզրափակեց Իրինան։