«Փոքրիկին որոշել ենք Ռոբերտո կոչել...». Գրիգոր Դանիելյանը՝ իր 2-րդ բալիկի ու «Ֆուլ հաուսի»-ի նոր զարգացումների մասին
ЛАЙФԻնչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 6-ին մեկնարկում են «Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանի նկարահանումները: Այս թեմայով Past.am-ը զրուցել է սիթքոմի սիրված դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանի հետ:
- Գաղտնիք չէ, որ «Ֆուլ հաուս»-ը այժմ ամենառեյթինգային սիթքոմն է Հայաստանում: Բնականաբար, այդ վարկանիշը պահպանելու համար մեծ ջանքեր են պետք: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:
- Բնականաբար, տեղում նստած՝ հնարավոր չէ բարձր վարկանիշ ապահովել: Այսօր շաբաթ է, վաղը՝ կիրակի, բոլորը պատրաստվում են հանգստանալ, իսկ ես աշխատում եմ: Երևի թե հաջողության գրավականներից մեկը հենց դա է: Կարծում եմ՝ բարձր վարկանիշ ունենալ, դեռ չի նշանակում սիրված լինել: Կարող է լինել ինչ-որ հաղորդում, որը ունենա բավականին բարձր վարկանիշ, բայց բոլորը հայհոյեն: Մեր նպատակն ավելի շատ ոչ թե բարձր վարկանիշ ունենալն է, այլ այնպես անելը, որ հեռուստադիտողը սիրի մեր հաղորդումը, սիրելով նայի, ոչ թե նայի՝ հայհոյելու համար:
- Ինչպես արդեն գիտենք, նոր եթերաշրջանում 2 կերպար է ավելանալու սիթքոմում: Ուրիշ ի՞նչ անակնկալներ, նորություններ կարող ենք սպասել:
- Անակնկալներ, իհարկե, լինելու են, բայց դրանց մասին խոսել՝ կնշանակի, որ դրանք այլևս անակնկալ չեն լինի: Փակագծեր չեմ բացի, ընդամենը կասեմ, որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հեռուստադիտողը մեծ հետաքրքրությամբ նայի «Ֆուլ հաուս» նախագիծը: Դա բավականին բարդ է, քանի որ յուրաքանչյու եթերաշրջանի հետ գործն ավելի է բարդանում ու դժվարանում, քանի որ մենք նշաձողը միանգամից բարձր ենք դրել, և մարդիկ մեզնից ավելի շատ ակնկալիքներ ու պահանջներ ունեն:
- «Ֆուլ հաուս»-ում նկարահանվելուն զուգահեռ ուրիշ ինչո՞վ եք զբաղվում:
- Եթե խոսքը հեռուստատեսային գործունեության մասին է, ապա այս պահին ես միայն «Ֆուլ հաուս» նախագծով եմ զբաղվում: «Արմենիա» հեռուստաընկերության կրեատիվ խմբի անդամ լինելով՝ ուրիշ շատ գործեր եմ անում, որին քչերն են տեղյակ, բայց հիմնականում նախագծի վրա եմ կենտրոնացած: Հեռուստատեսությունից դուրս՝ ինչպես գիտեք, մենք ստուդիա ունենք, որտեղ նաև դասավանդում եմ: Ժամանակը սուղ է, բայց փորձում եմ ամեն ինչ հասցնել:
- Ինչպես գիտենք, շուտով կծնվի Ձեր 2-րդ բալիկը: Ինչպե՞ս եք պատրաստվում նրան դիմավորել, անունն արդեն որոշե՞լ եք:
- Փոքրիկին որոշել ենք Ռոբերտո կոչել, քանի որ սիրում ենք այդ անունը և, բացի այդ, Ալբերտոյի հետ սազում է: Շատ շուտով՝ մարտին, մեր բալիկն արդեն լույս աշխարհ կգա:
- Իսկ Ձեր կնոջ պասիվությունը երեխայի ծնունդո՞վ է պայմանավորված: Դրանից հետո սպասե՞նք նորությունների:
- Բնականաբար, սպասեք նորությունների: Անկեղծ ասած՝ մենք ուզում էինք երեխայի հետ կապված նոր տեսահոլովակ ունենալ՝ մինչև նրա ծնունդը, բայց չհասցրեցինք: Այժմ նա մեր ստուդիայի տնօրենն է, զբաղվածությունը բավականին մեծ է, նույնիսկ այս վիճակում նա չի մտածում արձակուրդ գնալու մասին:
- Եվ վերջում, որպես «Ֆուլ հաուս»-ի նվիրյալ երկրպագու, կցանկանայի իմանալ՝ այս եթերաշրջանում գոնե Տամարային կհաջողվի՞ նվաճել Մուշեղի սիրտը և վերջապես ամուսնանալ նրա հետ:
- Զարգացումներին հետևելն ավելի հետաքրքիր է, երբ չգիտես՝ ինչ է լինելու, մանավանդ, երբ ինչպես Դուք նշեցիք, մոլի երկրպագու ես: Պատկերացրեք, օրինակ, Դուք առաջին անգամ պետք է դիտեք «Տիտանիկ» ֆիլմը, և ես Ձեզ ասեմ, որ վերջում գլխավոր հերոսները մահանալու են: Բնականաբար, Ձեր հետաքրքրություն կկորչի: Եկեք ուղղակի հետևենք զարգացումներին, դա կտա բոլոր հարցերի պատասխանները:
Մարիամ Նալբանդյան