«Կյանք ու կռիվը» Սամվել Թադևոսյանի առաջին ֆիլմը չէ
ФОТО«Կյանք ու կռիվ» ֆիլմը մեծ հաջողություն բերեց գլխավոր հերոսին մարմնավորող դերասան Սամվել Թադևոսյանին: Թատերական ինստիտուտի նախկին ուսանողը միանգամից սիրվեց Տիգրանի կերպարով: Սա առաջին ֆիլմն է, որով ճանաչվեց Սամվելը, սակայն առաջին ֆիլմը չէ, որում նա նկարահանվել է:
2015 թվականին Սամվելը նկարահանվել է «Բրա՛վո, վիրտուոզ» ֆրանկո-հայկական արտադրության կինոնախագծում, որը Հրաչ Քեշիշյանի «HK» և «Agat films» ֆրանսիական կինոարտադրող ընկերությունների համատեղ աշխատանքն է։ Ֆիլմի բեմադրող ռեժիսորը և սցենարի հեղինակը Լևոն Մինասյանն է:
Այս ֆիլմում ևս Սամվելը մարմնավորել է գլխավոր հերոսին: Ֆիլմի սյուժեն դասական նվագախմբի մասին է, որը վտանգի տակ է։ Դասական երաժիշտներից մեկը, ում դերը խաղալու է Սամվել Թադևոսյանը, ամեն ինչ անելու է, որպեսզի փրկի իր նվագախմբին։ Վիրտուոզի դերը մարմնավորելու համար Սամվելը մեկ ամսում կլառնետ նվագել է սովորել:
Դերասանը նշել է, որ ֆիլմի խորքում տեսնում ենք չարի և բարու հավերժական կռիվը: «Ֆիլմը երաժշտական է, ես շատ եմ սիրում դասական երաժշտություն: Կերպարն այդ առումով հոգեհարազատ է ինձ: Էստեղ իրականում բախում կա երաժշտական երկու մտածողությունների՝ դասականի և ոչ դասականի: Հաղթում է դասականը, ինչը ճիշտ է: Մենք գնում ենք դեպի դասական, դեպի լույս»,- ասել է Սամվելը: