Գերմանիայի արտգործնախարարը Սելահաթթին Դեմիրթաշին հրավիրել է Բեռլին
ФОТОԳերմանիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կալանավորված համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին հրավիրել է Բեռլին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Զիգմար Գաբրիելը Դեմիրթաշին հրավիրել է մարտի 12-13-ը Բեռլինում կայանալիք կոնֆերանսին, որն կանցկացվի «Կառուցելով մեր ապագան. հանուն ազատ, արդար և համերաշխ աշխարհի» խորագրի ներքո:
Պաշտոնական նամակով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը դիմած Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ իրենց համար մեծ պատիվ կլինի Բեռլինում հյուրընկալել Դեմիրթաշին: «Անհամբերությամբ ակնկալում եմ քեզ տեսնել մեր մեջ»,- ասել է նա:
Զիգմար Գաբրիելի նամակին պատասխանել է քրդամետ կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու, փոխնախագահ Հիշյար Օզսյոզը: Նա նշել է, որ քանի որ Դեմիրթաշը բանտում է, նրա փոխարեն կոնֆերանսին կմասնակցեն կուսակցության այլ ներկայացուցիչներ: Միաժամանակ Օզսյոզը տեղեկացրել է, որ նամակը փաստաբանների միջոցով կուղարկվի Դեմիրթաշին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 10 պատգամավոր ձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: