«Կարծում եմ՝ այս եթերաշրջանում ամենաուժեղը մեծերի խումբն է». Վրեժ Կիրակոսյան
ЛАЙФPast.am-ի զրուցակիցը «X-Factor 1»-ի հաղթող Վրեժ Կիրակոսյանն է:
- Ու՞ր է «կորել» «X-Factor 1»-ի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: Ինչու՞ չեք երևում էկրաններին:
Վրեժ Կիրակոսյանը չի կորել, նա այս երկրի պետական շատ կարևոր կառույցներից մեկի՝ Երևանի մշակույթի պետական է քոլեջի փոխտնօրենն է, որտեղ հսկայական քանակով երեխաներ են մասնագիտական կրթություն ստանում:
Միաժամանակ նաև երգեցողությունը, երգը, անձնական երաժշտարվեստով զբաղվելը, բնականաբար, չեմ անտեսում, պարզապես, որոշակի դադար առնելու խնդիր կար՝ մի քանի հարցեր կարգավորելու համար: Բացի այդ, ես նաև ընտանիք ունեմ, հայրիկ եմ դարձել այս տարիների ընթացքում, այնպես որ Վրեժ Կիրակոսյանը չի կորել, ընդհակառակը՝ աճել է:
- Ուրեմն ե՞րբ Ձեզնից նորություններ սպասենք:
- Մինչ ամառ կունենամ նոր, բավականին հետաքրքիր տեսահոլովակ ու նորից կհայտնվեմ էկրաններին:
- Կարծիք կա, որ «X-Factor»-ն ամենակարճ ուղին է դեպի հայտնություն: Ի՞նչը Ձեզ տարավ այդ նախագիծ:
- - Նախագծին մասնակցեցի ավելի շատ ընկերներիս, բարեկամներիս, ընտանիքիս հորդորով, քանի որ երգելու պոտենցիալ ունեի:
Կարծում եմ՝ մի կողմից, այո՛, նմանատիպ նախագծերը կարճ ճանապարհ են հայտնի դառնալու համար: Բայց, իհարկե, ժամանակը շատ կարճ է, և դու պետք է հասցնես ճանաչվել, սիրվել, մեծ սեր վայելել: Եթե դու պրոֆեսիոնալ չես, համապատասխան կրթություն չունես, հնարավոր է՝ չկարողանաս ժամանակի մեջ տեղավորվել, ընկնես հայտնի դառնալու ճանապարհին: Այդ պատճառով, կարծում եմ, նմանատիպ պրոյեկտները մյուս կողմից բավականին ռիսկային են: Բայց, իհարկե, թեկուզ այդ ճանապարհին ընկնելուց մարդ կարող է շատ բան սովորել:
- Այժմ ընթացող նախագծին հետևու՞մ եք: Որակական առումով փոփոխություններ նկտու՞մ եք:
- Պրոյեկտն իր ֆորմատով նույնն է, այստեղ խոսքը մասնակիցների որակական խնդրի, նրանց պոտենցիալի մասին է: Ինչքանով որ հասցրել եմ հետևել, կան մասնակիցներ, որոնք իրոք ունեին պոտենցիալ, որոնց կարելի էր բացահայտել, բայց նրանք դուրս են մնացել հետագա փուլերից: Իհարկե, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է տարբերվել ժյուրիի ունեցածից:
- Իսկ ժյուրիի առումով փոփոխությունը դեպի ո՞ր կողմն է:
- Բնականաբար, մեր ժամանակվա ու այժմյան ժյուրին շատ են տարբերվում միմյանցից: Հիմա կազմն ավելի երիտասարդացվել, թարմացվել է: Միայն Գարիկն է մնացել մեր ժամանակ եղած կազմից:
Ընդհանուր առմամբ, ինչ-որ վատ, վախեցնող կամ մտահոգող կարծիք չունեմ: Նրանց պրոֆեսիոնալիզմին ու մասնագիտական կարողություններին բոլորն են ծանոթ, և եթե հեռուստաընկերությունը նպատակահարմար է գտել վստահել նրանց, ես այդտեղ վատ բան չեմ տեսնում: Իհարկե, թերություններ լինում են, բայց դա աշխատանքի արդյունք է. եթե չկա աշխատանք, չկան նաև թերություններ:
- Ձևավորված թիմերից ո՞րն եք ամենաուժեղը համարում և արդյոք ֆավորիտներ ունե՞ք նախագծում:
- Անուններ չեմ ուզում տալ, բայց կարծում եմ, որ ուժեղ են մեծերը: Աղջիկները վատը չեն, բայց բոլորը միանման են երգում: Բայց, անկեղծ ասած, կուզենայի, որ խումբ հաղթեր, որովհետև կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ մեր երաժշտարվեստում գեղեցիկ խմբեր ստեղծվեն:
Հարցազրույցը՝ Մարիամ Նալբանդյանի