«Հիմա ավելի շատ կոնկրետ բիզնեսով եմ զբաղվում». Արթուր Բարսեղյան
ЛАЙФPast.am-ը շարունակում է գտնել և Ձեր ուշադրությանը ներկայացնել սիրելի հեռուստասերիալների դերասաններին, ովքեր վերջերս այնքան հաճախ չեն երևում հեռուստաէկրաններին:
Այս անգամ մեր զրուցակիցը «Բանակում» հեռուստասերիալում Ռազմիկ Հակոբյանին մարմնավորած Արթուր Բարսեղյանն է:
- Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք նկարահանվել «Բանակում»-ում, ումի՞ց ստացաք առաջարկը:
- «Բանակում» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկն ստացել եմ ռեժիսոր Արամ Շահբազյանից: Նոր էի ինստիտուտն ավարտել, դեռ ինչ-որ տարերքների մեջ էի, երկար մազերով: Այդպես մի օր քայլում է Մաշտոցի պողոտայով, ճանապարհին Արամն ինձ տեսավ և, ճանաչելով թատրոնից, ասաց, որ ուզում է՝ անպայման իրենց հեռուստաֆիլմում խաղամ: Ես չմերժեցի, գնացի քասթինգի, որտեղ բավականին շատ մարդիկ կային հավաքված: Քասթինգն անցա, ուրիշ դերի համար գնացել էի, լրիվ ուրիշ դեր տվեցին ու սկսեցինք նկարահանումները:
- Հետաքրքիր է՝ նախ դերն է եղել, հետո Ձեզ ընտրել են դրա համա՞ր, թե՞ հակառակը:
- Ինչպես բոլոր սերիալներում, ֆիլմի սկզբում դեռ ոչ մեկը ոչ մի կոնկրետ դեր, անհատականություն չուներ: Ես էլ բացառություն չէի: Եթե հիշում եք, ֆիլմում Գազազյանի կերպարը կար, ով մի քիչ ագրեսիվ սերժանտ էր, ի սկզբանե ես պետք է խաղայի այդ դերում:
Բայց այնպես ստացվեց, որ Արմուշը ստացավ այդ դերը, և ես մնացի պարզապես ինչ-որ մեկը, ով ծառայում էր այդ վաշտում: Մոտ մեկ ամիս ես ուղղակի կերպար էի, որը «Բանակում» հեռուստասերիալում խաղում էր: Հետո կամաց-կամաց զարգացրին սցենարը, ու պարզվեց, որ ես մեր ֆիլմի բացասական կերպարը պետք է լինեմ:
- Հե՞շտ համաձայնեցիք խաղալ այդ դերում:
- Անկեղծ՝ այո: Նույնիսկ ուրախ էի, քանի որ ավելի լավ է անհատականություն լինեի՝ կապ չունի՝ դրական, թե բացասական, քան ուղղակի զինվոր: Իսկ այդպիսի կերպարներ շատ ունեինք:
- Սերիալում ո՞րն էր Ձեր ամենասիրելի կերպարը:
- Համակրելի կերպար ինձ համար Մուսայելյանն էր: Ֆիլմում նա շատ դրական կերպար էր՝ ամեն ինչով, թե՛ այն ժամանակ, երբ ուղղակի սերժանտ էր, թե՛ սպա դառնալուց հետո:
Բավականին հետաքրքիր էր կերպարը և, կարծես, հենց իր համար լիներ նախատեսված: Գևորգ Չուլյանը շատ լավ էր կերտել իր կերպարը, և ինձ համար նրա ներկայությունը մեր հեռուստասերիալում շատ կարևոր էր:
- Այժմ ինչո՞վ եք զբաղված, ինչու՞ Ձեզ չենք տեսնում:
- Հիմա ավելի շատ կոնկրետ բիզնեսով եմ զբաղվում, աշխատում եմ «Մեգաֆուդ» ընկերությունում՝ որպես մենեջեր:
Մասնագիտական առումով՝ անցած տարեվերջին Արշալույս Հարությունյանի աշխատանքներից երկուսում եմ նկարահանվել, որոնք պետք է, որ շուտով ցուցադրվեն:
Միաժամանակ փոքրիկ սցենարներ եմ գրում, շուտով երևի ներկայացում կունենանք նույն «Բանակում» հեռուստասերիալի տղաներով, որը ցանկանում ենք ներկայացնել Երևանում, Արցախում և, եթե ստացվի, նաև մարզերում:
Ներկայացումը շուտով պատրաստ կլինի, և ցանկացողները հնարավորություն կունենան դիտելու այն:
Հարցազրույցը՝ Մարիամ Նալբանդյանի