«Զգուշությամբ եմ մոտենում դերի ընտրության հարցին, որովհետև շատ եմ սիրում իմ մասնագիտությունը». Վահե Պետրոսյան
ЛАЙФPast.am-ն այս անգամ զրուցել է «Բանակում» հեռուստասերիալում Քաջիկին մարմնավորած Վահե Պետրոսյանի հետ:
- Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք նկարահանվել «Բանակում» հեռուստասերիալում:
- Ինչպես գիտեք, ես Թատերական ինստիտուտն եմ ավարտել, թատրոնի և կինոյի դերասան եմ: Երբ առաջարկն ստացա պրոյեկտից, չմերժեցի:
- Երբ առաջարկն ստացաք, արդեն գիտեի՞ք՝ ինչ կերպարով եք հանդես գալու:
- Սցենարիստի հետ էի զրուցել՝ մոտ 10 րոպե: Նա հարցրեց, թե ինչ կերպարում եմ ինձ պատկերացնում, ես պատասխանեցի, որ վստահորեն կարող եմ խաղալ նրա պատկերացրած յուրաքանչյուր կերպարում:
- Ձեր կերպարից խոսենք. հենց այդպիսի՞ն եք պատկերացրել, ինչպիսին որ կար: Գո՞հ եք ստացված արդյունքից:
- Որպես մասնագետ՝ ինձ համար հեշտ է խաղալ ցանկացած տեսակի կերպար: Ես աշխատում եմ դրանցում գտնել և՛ լավ, և՛ վատ կողմերը և ցույց տալ հանդիսատեսին: Կերպարս բարի էր, դրական՝ չհաշված որոշ թերություններ: Ընդհանուր առմամբ, այն ինձ դուր էր գալիս:
- Կերպարը լրիվ հորինովի՞ էր, թե որոշակի նմանություններ ուներ Ձեր անձի հետ:
- Միայն բարության առումով: Ինձ թվում է՝ դերասանի առավելությունն այն է, որ նա չխաղա այնպես, ինչպես իրականում կա, այլ այն, ինչն իր հետ ոչ մի կապ չունի: Դերասանը պետք է գտնի, ստեղծի կերպարը: Հիմա տարածված է, որ մարդիկ իրենց անձը տանում են կինո, բոլոր կերպարներում նույնն են: Ես, օրինակ, եթե չլինեի դերասան, ֆիլմերում չէի նկարվի:
- Եթե հեռուստասերիալում Քաջիկը չլինեիք, ու՞մ կերպարում կցանկանայիք հանդես գալ:
- Յուրաքանչյուրի: Չի եղել մի այնպիսի կերպար, որ նկարահանման ժամանակ ես, կողքից նայելով, ասեմ «վա՜յ, երանի այս դերն իմը լիներ»: Այլ հարց է, որ եղել են այնպիսինները, որոնք ես այլ կերպ կզարգացնեի, եթե լինեի այդ դերում հանդես եկող անձի փոխարեն: Օրինակ, դերասաններ կան, ովքեր ցանկանում են միշտ «ուժեղ տղա» լինել ֆիլմում: Ինձ համար տարբերություն չկա, յուրաքանչյուր կերպար, ինչպես նշեցի, ունի իր դրական և բացասական կողմերը: Դերասանի խնդիրը միայն դրանք բացահայտելն ու ներկայացնելն է: Լավ կստացվի, թե վատ, թող դատի հանդիսատեսը։
Այծստեղ միայն մի խնդիր կա. եթե դերասանը խաղում է, ասենք «լացկան» դերում, որոշ պրոդյուսերների թվում է, թե նա ուրիշ ոչ մի կերպար չի կարող կերտել: Կցանկանայի մի օր ծհանդես գալ իմ կերպարի հակառակ դերում, որ կոտրեմ այդ կարծրատիպը: եթե դու պրոֆեսիոնալ ես, պետք է կարողանաս ցանկացած առաջադրանք պատվով կատարել:
- ծՆկարահաման հրապարակից որևէ զվարճալի դեպք կարո՞ղ եք հիշել:
- Ինչպես գիտեք, մեր նկարահանումները զորամասում էին իրականացվում: Մի անգամ պատահաբար լսեցի, թե ինչպես են մոտակայքում գտնվող զինվորները «գրազ գալիս», թե ես հաստատ Խոստիկյանի թոռն եմ: Ես նրանց ասացի, որ իհարկե, դա մեծ պատիվ կլիներ ինձ համար, բայց պայդպես չէ:
- Ներկա պահին մասնագիտությամբ աշխատու՞մ եք:
- Գիտեք, առաջ ես կարծում էի, որ երբ մարդ իր մասնագիտության տերն է, և նրան արդեն ճանաչում են, նրա հնարավորությունները գիտեն, հիշում են: Բայց հիմա այնպիսի իրավիճակ է, որ ե՛ս պետք է գնամ, ինչ-որ դռներ թակեմ, ինչ-ինչ ճանապարհներով խնդրեմ, որ ինձ աշխատանք տան. ես այդ տեսակին չեմ պատկանում:
Երևի այդ է պատճառը, որ արդեն երկար ժամանակ է՝ մասնագիտությամբ չեմ աշխատում: Առաջարկներ եղել են, բայց ինձ լավ ճանաչողները գիտեն, որ այդ առումով բծախնդիր եմ, զգուշությամբ եմ մոտենում ընտրության հարցին, որովհետև շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Հիմա այնքան կուտակված բան կա իմ մեջ, որ մեծ սիրով կխաղամ՝ լավ առաջարկներ ստանալու դեպքում:
Հարցազրույցը՝ Մարիամ Նալբանդյանի