«Երբ բացարձակ սպասելիքներ չունես, ստացած անանուն մի փոքրիկ բացիկից էլ երեխայի նման սկսում ես թռվռալ». Իննա Խոջամիրյան
ФОТОԱյսօր աղաբլիթ ուտելու օրն է: Հետաքրքիր այս ավանդույթը ժամանակակից հայ երիտասարդությունը, պարզվում է, շատ է սիրում: Արդյոք ուտո՞ւմ է աղաբլիթ երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը և, եթե այո, ապա ի՞նչ սպասելիքներ ունի նա այսօր, պարզեց BlogNews-ը:
«Ինչքան ինձ հիշում եմ (չնայած 3տ-ից եմ հիշում, բայց հիմա խոսքս 7-8 տարեկանի մասին է), հիշում եմ նաև, որ մեր տանը տոնական բուռն իրարանցում կար ամեն տարի այս օրերին: Երկու քույրերս օրիորդներ էին արդեն ու ոգևորված տոնում էին Սբ. Սարգիսը: Իհարկե, այդ ամենն իրականանում էր մորս նախաձեռնությամբ: Աղջիկներին ամուսնացնելու միտք, պարզ է, դեռ չուներ, բայց ամեն տարի հավասար ոգևորությամբ քաղցրավենիք ու խմորեղեն էր պատրաստում, փոխինձ դնում պատուհանագոգին, պատարագներին էինք մասնակցում, պաս պահում ու իրականացնում մնացած այլ ծեսերը»:
Հիմա արդեն Իննան անձամբ է թխում աղաբլիթները և միայնակ էլ ուտում է, որովհետև նրա երկու քույրերն ամուսնացած են. «Տանը ավանդույթն իրականացնելու ղեկն ինձ է անցել. Առաջավորաց պահք եմ պահում, աղի բլիթ եմ ուտում, փոխինձ եմ դնում: Եթե անգամ չես շտապում ջրի բաժակով ասպետիդ հանդիպել, միևնույն է, առաքելական եկեղեցու ավանդույթներն այնքան գեղեցիկ են, որ չհետևել չի կարելի»:
Այն հարցին, թե, այունուամենայնիվ, ակնկալիքներ ունի՞ Իննան սիրո գալիք տոներից, դերասանուհին պատասխանեց. «Երևի միակ տոնը, որից հասկանալի պատճառներով սովորել եմ սպասելիքներ ունենալ, ծննդյանս օրն է: Մյուս դեպքերում մենք են ջանում տոնը տոն դարձնել՝ լա~վ պատրաստվում, սուփրասեղան ենք գցում, որ Նոր տարին դիմավորենք, աղի բլիթ ենք ուտում, որ Սբ. Սարգիսը գա, իրար ջրում ենք, որ Վարդավառը Վարդավառ լինի և այլն... Ինչ վերաբերում է սիրո տոներին, հավատացնում եմ, երբ բացարձակ սպասելիքներ չունես, ստացած անանուն թե անվանական մի փոքրիկ բացիկից էլ (որի մշակույթը, ցավոք, վերջերս գրեթե ամբողջովին ջնջվել, կորել է) երեխայի նման սկսում ես թռվռալ :))»,- զրույցի վերջում նշեց դերասանուհին:
Նյութը՝ BlogNews.am