Սիրո տոնն այսուհետ մեր կյանքում կրկնակի կտոնվի. Անի Գլաստյանը նշանվել է (լուսանկարներ)
ФОТОLife.panorama.am-ը գրում է
Դերասանուհի Անի Գալստյանի համար Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը կրկնակի տոն է դարձել. Այդ օրը դերասանուհին եւ ընտրյալը նշանադրվել են ու իրենց սիրո տոնն անմոռանալի դարձրել:
Այս մասին Անին առաջինը տեղեկացրեց Life.panorama.am-ին ու որոշ մանրամասներ պատմեց.
«Իմ և Վահանի ծանոթության օրը, երկու տարի առաջ՝ հենց փետրվարի 11-ին էր։ Այդ օրն արդեն խորհրդանշական էր մեզ համար, եւ ամիսներ առաջ, երբ ծրագրում էինք մեր գործնական քայլերը, միասին էլ որոշեցինք, որ մեր ծանոթության տարեդարձի օրը կկայանա մեր նշանադրությունը։ Նախապես ո՞վ կմտածեր, թե սիրահարների հովանավորության՝ Սուրբ Սարգսի տոնը, այս տարի ամսաթվով կհամընկնի մեր օրվա հետ։ Բնական է, որ շատ ուրախալի էր այս համընկնումը։ Աստծո կամքը տեսանք դրանում, եւ Սիրո տոնն էլ, կարծում եմ, այսուհետ մեր կյանքում կրկնակի կտոնվի։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն անգամ, երբ Սուրբ Սարգսի օրը նորից համընկնի փետրվարի 11-ի հետ, մեզ համար այդ տարին հատուկ կնշանավորվի։ Մի տեսակ, նախախնամության նվեր է օրվա այս համընկնումը»,- նշեց Անին:
Դերասանուհու խոսքով՝ նշանադրությունն անսահման ուրախ է անցել.
«Անմոռանալի երեկո ունեցանք, որին ներկա էին մեր երկու ընտանիքների հարազատները և սիրելի մարդիկ»,- հավելեց Անին՝ նշելով.
«Վահանը մասնագիտությամբ իմ ոլորտից չէ, իսկ ընդհանուր առմամբ՝ նույն ոլորտներում ենք»:
Հետաքրքրվելով, թե զույգը այս տարի նաեւ ամուսնությո՞ւն է պլանավորում, Անի Գալստյանը ընդգծեց.
«Գարունն առջեւում է։ Մեր պսակադրությունն էլ, Աստծո կամքով, իր ժամանակին կլինի»: