Կարմիր շրթներկի գաղտնիքը
ЛАЙФԿարմիր շրթներկի մասին բազմաթիվ լեգենդներ են պտտվում: Կարմիր շրթներկը շատ կանանց գաղտնի զենքն է, բայց որպեսզի այն ճիշտ օգտագործեն, անհրաժեշտ է իմանալ մի քանի կանոններ: Կարմիր շրթներկը մեծ հեղինակություն է վայելում: Եթե դուք չեք ցանկանում երեւալ որպես ցուցափեղկի տիկնիկ, ուրեմն պետք է ճիշտ ընտրել շրթներկի երանգը:
Շիկահերներին ավելի շատ սազում է կարմիրի դեպի դեղին տանող երանգը, այսինքն՝ ավելի գազարագույնը: Իսկ սեւահերներին սազում են կարմիրի մուգ երանգները: Պետք է նշել, որ կարմիր շրթներկ պետք չէ կիրառել ցանկացած երեկոյան զգեստի հետ:
Վառ ու փայլուն հագուստին ավելի համահունչ են գունատ շրթներկերը: Փոխարենը սեւ երեկոյան զգեստին շատ կսազի փայլուն վառ կարմիր շրթներկը: Այն պետք է համահունչ լինի ընդհանուր դիմահարդարմանը:
Տարածված կարծիք կա, որ կարմիր շրթներկը մեծացնում է կնոջ տարիքը: Դա այնքան էլ այդպես չէ: Եթե դուք որոշել եք մուգ կարմիր շրթներկ օգտագործել, պետք չէ օգտագործել ստվերաներկի մուգ երանգներ: Բավական է մարմնագույն ստվերաներկն ու թեթեւակի թարթչաներկը: Այս դեպքում պետք չէ օգտագործել ուրվագծող մատիտ: Առանց այդ էլ մուգ շրթներկի վրա ուշադրություն է կենտրոնանում: Իսկ որպեսզի շրթներկը պահպանվի մինչեւ օրվա վերջ ու գեղեցիկ լինի, կարելի է մինչեւ շրթներկ քսելը մի քիչ տոնային քսուք քսել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: