Մեր ընտանիքում էլ խոսակցություններ եղել են, մի շրջան առանձին ենք ապրել. Վահագն Խաչատրյանը և Լուսին Վարդանյանը՝ սիրո ու դժվարությունների մասին
ФОТОAysor.am-ը գրում է.
Ինչ պարագայում էլ լինի, կյանքում գլխավորը սերն է: Հանուն սիրո է, որ պատերազմներ են լինում, սիրո շնորհիվ՝ հաշտություններ կնքվում: Միայն սերն է ի զորու ուժեղին թուլացնել ու թույլին ուժեղացնել…
Aysor.am-ը սիրո տոների շրջանակներում ընթերցողին է ներկայացնում սիրո օրինակելի պատմություններ: Ընտանիքներ, որոնք դժվարությունների միջով են անցել, բայց կայացել են, քանի որ սիրել են…
Մեր զրուցակիցները երիտասարդ դերասաններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանն են, որոնց ծանոթությունը 13, իսկ ընտանիքը՝ 4 տարվա կենսագրություն ունի: 2004 թվականից Թատերական ինստիտուտի նույն բաժնի և նույն կուրսի պատանի ուսանողները տարիներ անց ընտանիք կազմեցին…
Սեր առաջին հայացքի՞ց...
Լուսին. Ոչ, դա առաջին հայացքից սեր չէր, ավելին՝ ես Վահագին չէի սիրում բոլորովին, նա իմ տեսակի մարդ չէր (ծիծաղում է): Կուրսի երեխաներով շատ մտերիմ էինք, հագեցած ուսանողական տարիներ ենք ունեցել: Մտքովս չէր անցնում, որ երբևէ կարող եմ կուրսեցիներիցս որևէ մեկին սիրահարվել, առավելևս՝ Վահագին (ժպտում է):
Նիկոլայ Ծատուրյանը կանխազգում էր...
Լուսին. Ես և Վահագը սովորել և ավարտել ենք Նիկոլայ Ծատուրյանի դերասանական կուրսը: Մի անգամ էլ պարոն Ծատուրյանն ասաց՝ Լուսո՛, Վահագի հետ չե՞ս ամուսնանա: Հարցն ինձ համար անսպասելի էր, քանի որ նման խոսակցություն, այդպես մտածելու առիթ երբեք չէր եղել: Ասացի՝ ի՞նչ եք ասում, դա բացառվում է, Վահագն ինձ համար եղբոր պես է: Ես պետք է առաջին հայացքից սիրահարվեմ… Բայց, դե ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք (ծիծաղում է):
Վահագն. Որպես զույգ՝ մենք սկսեցինք հանդիպել 2008 թվականից: 2010 թվականին բանակ գնացի, այդ նույն տարվա մեջ էլ նշանադրվեցինք: Ամուսնացանք իմ զորացրվելուց հետո:
Ամեն ինչ ի վերուստ էր որոշված. խաղը դարձավ ճակատագիր...
Վահագն. Մինչև ինստիտուտն ավարտելն ընկերուհի չեմ ունեցել, լիովին տրվել էի ուսմանս ու թատրոնին: Մագիստրատուրա ընդունվելուց հետո եկա լսարան ու մեր կուրսի Մարիային ասացի՝ այսուհետ դու կլինես իմ ընկերուհին, նա էլ ասաց՝ թող Լուսինեն լինի: Ես համաձայնվեցի ու Լուսինեի հետ «խաղի» մեջ մտանք՝ ամեն օր Լուսոյին տուն էի տանում ու վերադառնում (ծիծաղում է): «odnoklassniki» սոցիալական ցանցով ամբողջ գիշեր միմյանց գրում էինք... ու ամեն ինչ սկսվեց…
Լուսին. Ինստիտուտն ավարտելու տարում որպես դիպլոմային աշխատանք խաղացինք «Լեռնային կակաչները» ներկայացումը, որտեղ ես ու Վահագն ամուսինների էինք մարմնավորում… Մի անգամ Վահագն ասաց. «Երբ ընդունվեմ մագիստրատուրա, ընկերուհի եմ ունենալու»: Ես էլ պատասխանեցի. «Հա, էնտեղ դրած էր, դու էլ ունեցար» (ծիծաղում է)… Սկզբում, իհարկե, ոչինչ չկար, ամեն ինչ աստիճանաբար, աննկատ սկսվեց… Հիշում եմ՝ այն ժամանակ «odnoklassniki» կայքը շատ ակտիվ էր, ու դրա միջոցով ամբողջ կուրսով գիշերները շփվում, զրուցում էինք: Ես և Վահագը լուսադեմին՝ ամենավերջինն էինք լքում զրույցը…
Առիթ էինք փնտրում հանդիպելու...
Լուսին. Ամռանը մի քանի անգամ էլ խաղացինք դիպլոմայինը: Այդ ժամանակ արդեն նոր սկսվող զգացմունք կար մեր մեջ…Ավարտելուց հետո կուրսի երեխաներով հաճախ էինք հանդիպում: Երբ այդ հանդիպումները սկսեցին նվազել, ես ու Վահագը, կարծես, թե հանդիպելու առիթ էինք փնտրում: Սկզբնական փուլում երկուսս էլ չէինք կարողանում խոստովանել, որ ոչ թե որպես կուրսեցիներ, այլ որպես սիրահարներ ենք հանդիպում: Երբ Վահագն ասում էր, որ զգացմունք ունի, լուրջ չէի ընդունում, չէի հավատում, որ նա լրջորեն կարող է որևէ մեկին սիրել: Անկեղծ ասած՝ այդ առումով նրան երբեք լուրջ չեմ տեսել (ժպտում է)…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ