«Իմ բախտը շատ է բերել կնոջս հարցում». Դավիթ Թադևոսյանը՝ կնոջ, որդու և աղջիկ ունենալու ցանկության մասին
ФОТОTert.am Life-ը գրում է.
Դերասան Դավիթ Թադևոսյանն ու դերասանուհի Աստղիկ Խաչատրյանը մի քանի տարի է՝ ամուսնացած են: Նրանց փոքրիկը՝ Արեգը, արդեն 5 տարեկան է: Tert.am Life-ը զույգի հետ խոսել է ընտանեկան կյանքի, Արեգի հետ հարաբերությունների, ընտանիքի համալրման մասին:
-Դավիթ, գործունեությունդ ընդլայնելը ենթադրում է, որ պետք է ավելի շատ բացակայես տանից: Աստղիկի բողոքները շա՞տ են:
Դավիթ - Երբեմն, բայց իմ բախտը շատ է բերել կնոջս հարցում: Նա ինձ հասկանում և ըմբռնումով է մոտենում: Նախ՝ ինքն էլ է մասնագիտությամբ դերասանուհի, երկրորդ՝ ինձ շատ է սիրում:
Աստղիկ - Հիմա ավելի դժվար է, որովհետև Արեգս մեծացել է, հարցերն ավելի շատ են, ավելի շատ է ուզում շփվել հոր հետ: Ավելի շատ ինքն է ինձ ճնշում: Ես կարող եմ հասկանալ, որ Դավոն աշխատում է, բայց երեխային դժվար է բացատրել, որ պապան այսօր ուշ է գալու: Ասում է՝ բա ես բարի գիշեր չասե՞մ պապային: Նման դեպքերում զանգում ենք: Բացի այն, որ իմ պահանջն է շատ դեպի Դավիթը, նաև Արեգին պետք է սկսեմ համոզել, բացատրել, որ պապային այդքան շատ պահանջներ չներկայացնի: Իմ պատասխանատվությունն ավելի շատ է:
-Դավիթ, երբ աշխատանքից հետո հոգնած գնում ես տուն, հասցնո՞ւմ ես խաղալ երեխայի հետ, թե՞ դա էլ է Աստղիկն անում:
Դավիթ - Լինում են դեպքեր, երբ շատ հոգնած եմ գալիս, սակայն փորձում եմ լրացնել այդ բացը: Երբ շուտ եմ գալիս, անպայման խաղում ենք մինչև իր քնելը: Ես էլ եմ շատ կարոտում իրեն: Ինձ համար էլ է բարդ:
-Ունե՞ք համատեղ սիրելի զբաղմունքներ:
Դավիթ - Երկուսս էլ շատ ենք սիրում համակարգչային խաղեր: Ես փորձում եմ իր ուզածով անել, եթե ցանկանում է դրսում ֆուտբոլ խաղանք, դա եմ կազմակերպում, ուզում է գնալ կենդանաբանական այգի, դա ենք անում: Հիմնականում իր սրտով ենք շարժվում:
-Խիստ չե՞ք:
Աստղիկ - Խստություն կա, բայց ոչինչ ուղղակի չենք արգելում, բացատրում ենք՝ ինչու ոչ: Չենք ասում՝ չի կարելի ու վերջ:
-Ո՞վ է ավելի խիստ:
Դավիթ – Մեկս մյուսիս լրացնում ենք: Եթե պետք է մաման ջղայնանա, նա է ջղայնանում, եթե պապան, ես:
Աստղիկ - Նաև մեկս մյուսին հանդարտեցնում ենք, որպեսզի չափը չանցնենք: Մեզ մոտ չկա այն երևույթը, որ ասեմ՝ պապային կասեմ, ինքը վախենա:
-Երեխան ո՞ւմ հետ է ավելի կապված:
Աստղիկ – Ինձ հետ, որովհետև ինձ հետ շփումն ավելի շատ է: Դավթի աշխատանքն էլ կարգավորված գրաֆիկով չէ, որ երեկոյան գա տուն ու ժամանակը երեխային տրամադրի:
-Ամուսնությունից հետո ձեր կյանքը շա՞տ է փոխվել:
Աստղիկ – Ինչպես, երևի թե, բոլոր զույգերի մոտ, ամուսնությունից առաջ ավելի երկար ժամանակն էինք տրամադրում իրար: Դա բնական է, չկա պարտավորվածություն, ավելի շատ աշխատելու պատասխանատվություն: Սակայն ամուսնությունից հետո մտնում եք մի փուլ, որը հետաքրքիր է թե´ իր բարդություններով, թե´ պատասխանատվությամբ: Հետաքրքիր է՝ մինչև բալիկի ծնվելը միասին ապրելը կամ երբ երկուսով ինչ-որ բաներ եք մտածում երեխայի համար: Մի ուրիշ փուլ ես մտնում, որը պակաս հետաքրքիր չէ:
Դավիթ –Կյանքը դեպի լավն է փոխվում: Իմ կարծիքով՝ լավ է, երբ մարդիկ սկսում են կենցաղում շփվել իրար հետ: Եթե կենցաղով ապրելով թույլ չես տալիս, որ կենցաղը գերիշխի, արդեն լավ է:
-Իսկ որո՞նք են բարդ փուլերը:
Դավիթ – Երբ մենակ ես ապրում, դու ես քո գլխի տերը: Հետո ևս մեկ մարդու պատասխանատվություն ես վերցնում, հետո՝ երկրորդի, երրորդի:
-Աստղիկը մեր նախորդ զրույցում ասել էր, որ ուզում է աղջիկ ունենալ, իսկ դո՞ւ:
Դավիթ - Արդեն ես էլ եմ ուզում:
Աստղիկ - Համոզել եմ:) Սակայն հատուկ չենք պլանավորում կրկին երեխա ունենալ: Ինչպես Աստված կկամենա, այնպես էլ կլինի:
-Զրույցի ընթացքում հաճախ եք նույն բանն ասում, իրար լրացնում: Ի սկզբանե, նմա՞ն եք եղել, թե՞ ընթացքում եք նմանվել:
Աստղիկ - Ի սկզբանե իրար նման ենք եղել: Դա ունի իր հեշտ և դժվար կողմերը: Դժվար է, երբ ինչ-որ բան ես անում, ու ինքը գիտի քո հաջորդ քայլը, միաժամանակ, հեշտ է, քանի որ ժամանակ չես ծախսում բացատրությունների վրա: Գիտես, որ նույնիսկ կես բառից հասկանում է քեզ:
-Հարաբերությունների մեջ ո՞վ է ավելի զիջող:
Աստղիկ - Երկուսս էլ շատ համառ ենք: Դժվար ենք զիջման գնում:
Դավիթ – Մեկ է, ես եմ զիջում (ծիծաղում է):
Աստղիկ – Իրականում պահից է կախված: Եթե գիտակցում ենք սխալը, պրինցիպների հետևից չենք ընկնում:
Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի