«Կայարան» հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը՝ Մոսկվայում արված նկարահանումների մասին
ФОТОBlognews.am-ը գրում է.
ԱՏՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կայարան» հեռուստասերիալի ստեղծագործական թիմը օրերս մեկնել էր Մոսկվա, որտեղ էլ նկարահանել են սերիալի տեսարաններից մեկը: BlogNews.am-ի հետ զրույցում սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը պատմել է նկարահանվող տեսարանի մասին. «Սերիալի սցենարական զարգացումներն այնպես ստացվեցին, որ անհրաժեշտություն կար նկարահանումներ անցկացնել Մոսկվա քաղաքում, և մենք նկարահանող խմբի հետ մեկնեցինք: Մեզ հետ էին նաև Սեյրան Նավիկյանը և Ալեքսանդր Բաբասյանը, ով այնտեղ, ըստ սցենարի, ուներ գործնական հանդիպում: Մնացած դերասաններին արդեն ընդգրկեցինք Մոսկվայից՝ Հմայակ Հակոբյանը և Արման Ումուրշատյանը, ովքեր դերասանական լավ կորիզ են եղել հայկական թատրոններում, պարզապես հիմա գտնվում են Մոսկվայում»:
Մոսկվայում նկարահանման երկու օր են ունեցել, իսկ արված տեսարանները եթերում կլինեն արդեն մյուս շաբաթ. «Առհասարակ, Մոսկվայում նկարահանումներն այնքանով էին բարդ, որ պարզապես մի վայրից մյուս վայրը տեղափոխվելը բավականին ժամանակատար էր: Իհարկե, ավելի հաճելի է նկարահանումներ անել հայրենիքում, բայց քանի որ անհրաժեշտություն կար Մոսկվայում նկարահանումներ անցկացնելու, գնացինք: Պետք է նշեմ, որ նկարահանումները շատ լավ անցան, և ուրախ էի, որ աշխատեցի իմ կոլեգաների հետ, ովքեր վաղուց ապրում են Մոսկվայում»:
Մեր դիտարկմանը՝ որքանով է շահավետ սերիալի համար, երբ տեսարանը նկարահանում են երկրից դուրս, ռեժիսորն այսպես մեկնաբանեց. «Ես կարծում եմ, որ դա ԱՏՎ հեռուստաընկերության առավելությունն է, որովհետև ղեկավարությունը, շատ լավ հասկանալով, որ կան տեսարաններ, որոնք անհրաժեշտ են Մոսկվա քաղաքում նկարահանել, մեզ տվեց այդ հնարավորությունը՝ չխաբել հեռուստադիտողին և չփորձել Երևանում Մոսկվա «ստանալ»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը