«Բարի Նոր տարի»-ն հասավ Արցախ, որ վերադառնա «Լայթհաուս»` կանանց ու երեխաներին տոն պարգևելով
ФОТОBlognews.am-ը գրում է.
Դեկտեմբերյան ցրտին Հյուսիսային պողոտայում «Միասին մենք շատերին կարող ենք օգնել» ցուցանակով բարեգործական տնակը շատերիս միավորեց Արցախի զինծառայողների` բուժման կարիք ունեցող երեխաներին օգնելու գաղափարի շուրջ:
Նախատոնական օրերին #բարինորտարի հեշթեգով հարյուրավոր գրառումներ կային սոցցանցերում, որտեղ մարդիկ իրար ոգևորում էին մասնակցել ակցիային: «Տնակի մոտ միշտ շատ ցուրտ էր, բայց ցրտին հաղթեցին մարդիկ, մարդկանց ջերմությունը, ինչի պակաս չենք զգացել ոչ մի օր: Շնորհակալություն, որ բարի գործ անելու համար մենք այսքան շատ ենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրում էր ակցիան նախաձեռնողներից Նարինեն:
Ակցիան հատկապես հուզիչ էր այն պատճառով, որ վաճառվող իրերն էլ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կանանց և աուտիկ երեխաների ձեռքի աշխատանքներն էին: Ucom ընկերությունն աջակցել էր գաղափարին և հոգացել տնակի վարձակալության խնդիրները: «Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կանայք ջանք ու եռանդ չէին խնայում, ձեռքով կարում էին պայուսակներ, խաղալիքներ, որոնք մեկ ամիս շարունակ տեղադրված էին Հյուսիսային պողոտայի մեր բարեգործական տնակում»,- պատմում է ակցիայի նախաձեռնողներից Սոնան։ Իսկ երեկ նախաձեռնողները «Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կանանց և երեխաներին էին այցելել բարեգործական տնակի գործունեության արդյունքում արդեն անհրաժեշտ օգնությունը ստացած արցախցի փոքրիկ Սուսաննայի հետ: Յուրահատուկ այց-շնորհակալություն էր դա. երաժշտությունը, ծաղրածուն, ուրախ տրամադրությունը երեխաներին և իրենց ծնողներին ժպիտ պարգևեցին, իսկ ֆոտոռեպորտաժը ներկայացնում է BlogNews.am-ը:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի