Կարինա Առուստամյանի տարեդարձի երեկույթն ու անակնկալները
ФОТОTert.am Life–ը գրում է.
Երգչուհի Կարինա Առուստամյանը, ով լսարանին հայտնի դարձավ «Հայաստանի ձայնը» նախագծից, երեկ նշել է 29–ամյակը։ Երգչուհին տարեդարձի կապակցությամբ համերգ–երեկույթ էր կազմակերպել, որի ժամանակ ելույթ ունեցան ինչպես ինքն ու իր բենդը, այնպես էլ Yellowstones բենդը, Նիկ Էգիբյանը, Դավիթ Բադալյանը և այլք։
«Ես ապրում եմ իմ գործով։ Կարծում եմ՝ երգչուհու ծնունդը միայն համերգային տարբերակով նշելը հետաքրքիր կլիներ։ Ուզում էի 20-ի շրջանը սահմանափակել շատ գեղեցիկ ձևով և ծնունդս տոնել իմ ընկերների, գործընկերների հետ»,– Tert.am Life–ի հետ զրույցում ասաց Կարինան։
Երգչուհին նշեց, որ տարեդարձի կապակցությամբ անակնկալներ շատ է ստացել։ Ամենակարևոր անակնկալն այն էր, որ բոլոր հրավիրվածները եկել են։ «Հյուրերիս 99%–ը եկել էին։ Շատ եմ գնահատում, որ իրենք կարևորել են գալ և շնորհավորել ինձ։ Դրանից լավ բան չէր կարող լինել»,– ասաց Կարինան։
Երգչուհին նկատեց, որ բոլոր հյուրերը մտածված նվերներ էին ընտրել իր համար. «Շատ անգամ մարդիկ պատահական նվերներ են ընտրում, իսկ իմ հյուրերից յուրաքանչյուրը մտածված նվեր էր ընտրել, որպեսզի ինձ դուր գար։ Շատ հաճելի էր այդ ուշադրությունը, կրեատիվ մտածողությունը։ Անակնկալներ շատ են եղել։ Բենդիս տղաները չեն սիրում ծաղիկներ նվիրել, սակայն, հաշվի առնելով, որ ես շատ եմ սիրում ծաղիկներ, իմ հասակի վարդեր էին բերել, որ ինձ ուրախացնեն։ Իմանալով իրենց վերաբերմունքը ծաղիկ նվիրելուն, ավելի շատ ուրախացա»։
Խոսելով իր բենդի գործունեության մասին՝ Կարինան նշեց, որ առաջիկայում The band–ը նորություններ կունենա։ «Շատ լավ ծրագրեր ունենք։ Առաջիկայում նոր նախագիծ կներկայացնենք, որի շրջանակներում հայտնի երգերը կմիքսենք մեր հեղինակային երգերի հետ։ Նոր հնչողություն է լինելու։ Նոր տեսահոլովակ ենք ներկայացնելու, որի համար հայկական երգը միքսելու ենք հեղինակային գործի հետ»,– հայտնեց նա։