«Երջանիկ եմ, երբ հարձակվում եմ անկեղծորեն և պաշտպանվում եմ անկեղծությամբ». Անահիտ Բախշյան
ЛАЙФExclusive
Past.am-ը որոշել է քաղաքական գործիչներին մի պահ կտրել քաղաքական թոհուբոհից: Մեր բլից հարցերին պատասխանում է Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
- Ձեր օրն սկսվում է...
- Մի բաժակ սուրճ՝ համակարգչի դիմաց:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Իմ ոգեշնչման աղբյուր կարող է լինել ցանկացած փոքրիկ կամ մեծ իրադարձություն, մարդ, ով իմ մեջ թռչելու զգացում է առաջացնում:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Ներդաշնակությունն է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Իմ նախկին աշակերտներին, ովքեր հիմա իմ ընկերներն են:
- Կյանքում երբեք չեք ների...
- Դավաճանությունը:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Չգիտեմ՝ արդյոք արդեն ամենամեծը ապրել եմ, թե ոչ, բայց հիասթափվել եմ, երբ դիմացինը վաճառել է իմ զգացմունքները:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Ափսոսում եմ կորցնել իմ շուրջը եղած թանկ մարդկանց:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Եղել է 50 տարի առաջ, երբ հանդիպել եմ իմ ամուսնուն:
- Երբ բարկացած եք...
- Ուզում եմ լեզուս կծել, ատամներս սեղմել:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Հոգին բաց լինի:
- Եթե լինեիք ամոնազոր...
- Հայաստան պետությունը կդարձնեի արժանապատիվ ապրելու վայր՝ բոլորի համար:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Ամեն ինչ է, բայց ոչ բառ:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Իմ սերը:
- Ամենաշատը երազում եք...
- Երազում եմ Հայաստան և Արցախ միությունը:
- Երբեք չեք փորձի...
- Լքել մարդուն, ով իմ կարիքն ունի:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Հայաստանն է:
- Միշտ վախեցել եք...
- Շողոքորթներից ու սողուններից:
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
- Յուրի Բախշյան:
- Տանել չեք կարողանում...
- Ստորաքարշ վարքագիծը:
- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
- Մի բառով չեմ կարող:
- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
- Ես չորս եղանակն էլ ունեմ իմ մեջ:
- Իր, որ միշտ Ձեզ հետ է...
- Մայրիկիս նվիրած խաչը:
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
- Երջանիկ եմ, երբ հարձակվում եմ անկեղծորեն և պաշտպանվում եմ անկեղծությամբ:
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- Ես շատ լացկան եմ: Ամեն պահի կարող եմ արտասվել, երբ ինչ-որ զգայացունց բան եմ կարդում կամ դիմացինս ինչ-որ բան է պատմում:
- Այս պահին կուզենայիք...
- Ընտրությունները վերջացած լինեին:
- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...
- Ապրել սիրով և մարդավարի:
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Ինչ հարցրեցիք, հերիք է:
- Եվ վերջում...
- Ափեափ սեր եմ մաղթում բոլորին: Թող ամեն մարդ իր մեջ գտնի սիրո տակառը, կարողանա դրա բերանը բացել, և սերը հորդի իր միջից: Այդ դեպքում մենք ավելի երջանիկ կապրենք:
Մարիամ Նալբանդյան