«Ամռանը կարող եք ինձնից լավ լուրերի սպասել». Մավր Մկրտչյանը՝ «Դե զարկեք»-ի և սիրելիի հետ առաջիկա ծրագրերի մասին
ЛАЙФExclusive
Ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանը երեկ երկրպագուների դատին հանձնեց իր նոր տեսահոլովակը՝ «Դե զարկեք»:
Past.am-ի հետ զրույցում սիրված երգիչը պատմել է տեսահոլովակի ստեղծման, սպասվող հյուրախաղերի և սիրելիի հետ առաջիկա ծրագրերի մասին:
««Դե զարկենքը» հին երգ է, որը գրվել է 90-ականներին՝ անվանի երգահան Աշոտ Վարդանյանի կողմից: Ժամանակին ես լսել էի երգը, իմ մեջ շատ էր տպավորվել: Տարիների ընթացքում պահը հասունացավ, և ստեղծվեց տեսահոլովակը»,- պատմում է Մավրը:
Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է:
«Ի սկզբանե ես ավելի շատ ուզում էի, որ տեսահոլովակը տաղավարային լուծումներով լինի, քանի որ ժամանակը սուղ էր, և եղանակային պայմաններից ելնելով՝ հնարավոր չէր լինի դրսում նկարահանումներ իրականացնել: Խոսեցի Սերժի հետ, նրա առաջարկած լուծումն ինձ շատ դուր եկավ, և առանց այլևայլությունների սկսեցինք նկարահանումները»:
«Ժողովրդական երգիչ 3»-ի ֆինալիստը չի բացառում, որ առաջիկայում իրեն կարող ենք նաև այլ ժանրերում տեսնել.
«Ժողովրդական ժանրում դեռ շատ ասելիք ունեմ, չեմ ուզում այստեղ կիսատ թողնել և անցնել ուրիշ տեղ: Հետագայում, բնականաբար, ուզում եմ այլ ժանրերում էլ երգել ոչ միայն զուտ բազմազանության համար, այլ որովհետև ուրիշ ժանրերում էլ եմ ինձ պատկերացնում»:
Սիրված երգիչը բազմաթիվ նախագծեր ունի, առաջիկայում պատրաստվում է հյուրախաղերի մեկնել Ռուսաստանի Դաշնության 24 քաղաքում, իսկ մայիսին՝ ԱՄՆ-ում: Հարցին, թե հնարավոր է՝ ԱՄՆ մեկնի արդեն ամուսնացած կարգավիճակով, երգիչը պատասխանեց.
«Երևի ոչ, ժամանակից առաջ չընկնենք, բայց ամռանը կարող եք ինձնից լավ լուրերի սպասել»:
Մարիամ Նալբանդյան