«Իսկական սերը ինչ-որ բան չի պահանջում հակառակ կողմից». Վահագ Ռաշ
ИНТЕРВЬЮExclusive
Past.am-ի զրուցակիցը սիրված երգիչ Վահագ Ռաշն է:
- Ձեր բեմական անունից սկսենք. ո՞վ է Ձեզ կնքել Վահագ Ռաշ անվամբ:
- Կեղծանունս ինքս եմ ընտրել՝ շատ պարզ ձևով. Վահագն Ռուշանյանը դարձել է Վահագ Ռաշ:
- Անձամբ ես առանց կիթառի չեմ պատկերացնում Ձեզ: Երբվանի՞ց եք սկսել նվագել, և ի՞նչ է նշանակում Ձեզ համար այդ գործիքը:
- Կարելի ասել՝ իմ ընկերներից մեկն է կիթառը: Երրորդ-չորրորդ դասարանից նվագում եմ, ու երգերս հիմնականում եղել են հենց կիթառով: Դեռ փոքրուց հայրիկս ու մայրիկս միշտ կիթառ են նվագել ու երգել, ես էլ շարունակում եմ նրանց գործը:
- Ձեր ոճն ընդգծված կերպով տարբերվում է մեր շոու-բիզնեսում այսօր գերակշռող երգերից: Հավատու՞մ եք, որ մի ծաղկով գարուն կգա, և մի օր մենք կունենանք ճաշակով երգարվեստ:
- Չեմ կարծում, քանի որ միշտ եղել են ճաշակով երգեր, որոնք իրենց տեղն են զբաղեցրել, բայց, անճաշակ չասեմ, կոմերցիոն երգերն ավելի «փողաբեր» են: Դրա համար կարծում եմ՝ դժվար՝ ինչ-որ բան փոխվի:
Էլի կլինեն երգողներ, բայց լրիվ չի փոխվի: Կամ էլ պետք է ինչ-որ օրենք ընդունեն, որ արգելվի ռեստորաններում ռաբիս նվագել կամ թուրքական երգերը հայերեն թարգմանած երգել. այդ դեպքում կարող է ինչ-որ բան փոխվել:
- Գուցե վերջերս Սոնա Ռուբենյանի հետ համատեղ Ձեր «Պար պսակի»-ն հենց ինչ-որ առումով դեպի լավ փոփոխությանն է՞ր միտված:
- Ամենասկզբից ինչ-որ հատուկ նպատակ չենք ունեցել: Եթե լսել եք երգը, միայն առաջին տունն է հարսանեկան թեմայով, շարունակությունը Սոնայի մայրը գրեց և անվանումը որոշեցինք դնել «Պար պսակի»: Եվ քանի որ մի քիչ վալսի տեսքով է երգը, երաժշտությունից հասկացողները երևի հարսանիքներին կսկսեն օգտագործել: Չնայած՝ արդեն գիտեմ մարդիկ, ովքեր ամուսնացել են այդ երգի տակ:
- Ձեր երգերի գերակշիռ մասում սիրո թեման է իշխում: Ի՞նչ է սերը Ձեզ համար:
- Դա շատ բարդ հարց է, երևի ոչ ոք չի կարող կոնկրետ ասել: Սիրո տարբեր դրսևորումներ կան: Կարող եմ ասել, որ իսկական սերը ինչ-որ բան չի պահանջում հակառակ կողմից, դու ուղղակի սիրում ես:
Եվ դա միայն աղջիկ-տղա հարաբերություններում չէ այդպես. դու սիրում ես քո հայրենիքը, բայց հայրենիքը կարող է չսիրել քեզ:
- Համենայն դեպս, սերը հաստատ նուրբ զգացմունք է, և առաջին հայացքից կարող է չհամատեղվել ռոքի հետ: Բայց Դուք դա կարողանում եք: Հե՞շտ է ստացվում:
- Ես չեմ համարում, որ կոնկրետ ռոք եմ երգում, բայց ռոքային էլեմենտները գերակշռում են իմ ստեղծագործություններում, ինչը էլեկտրոկիթառի արդյունքն է: Սիրո մասին ռոքային երգեր շատ կան, չեմ ասի, որ սերն ու ռոքն իրար հետ կապ չունեն, ընդհակառակը:
- Երգից բացի՝ ուրիշ նախասիրություններ ունե՞ք:
- Նախասիրություններ շատ ունեմ: Սպորտ եմ շատ սիրում, մեքենա վարել, արագություն եմ սիրում: Նաև շատ եմ սիրում մեկ-մեկ խոհանոցում պատրաստել:
- Նոր գործեր, տեսահոլովակներ ե՞րբ կլինեն:
- Շուտով ուզում ենք «Ես կգամ»-ի համար տեսահոլովակ նկարել՝ Խաչիկ Եղոյանի հետ: Ճիշտ է, արդեն տարի պլանավորում ենք, բայց այս տարի անելու ենք հաստատ: Հիմա գործիքավորման փուլում է «Անհաս մի տենչ» երգը, նախկին գործիքավորումն այնքան էլ դուր չէր գալիս, լրիվ ուրիշ երգ է ստացվելու:Գրած նոր երգեր էլ ունեմ մի քանի հատ: Մի խոսքով, մինչև տարեվերջ մոտ 6-7 նոր երգ կհասցնեք լսել:
- Բայց, օրինակ Ձեր «Ես կգամ»-ը սիրվել է նաև առանց տեսահոլովակի: Ինչ եք կարծում՝ երգը պարտադիր պետք է տեսահոլովա՞կ ունենա:
- Երգը կարող է չունենալ տեսահոլովակ, բայց եթե ինչ-որ կոնկրետ միտք ունես, որ կարող ես արտահայտել դրա միջոցով, պետք է: Տեսահոլովակը նաև երգի տարածվելուն է շատ օգնում: Հեռուստատեսությամբ, բնականաբար, առանց տեսահոլովակի երգերը եթեր չեն տալիս:
Մարիամ Նալբանդյան