Ադրբեջանում նվազել է նավթի և գազի արդյունահանումը
ЭКОНОМИКАԱդրբեջանի նավթային պետական ընկերության (SOCAR) կողմից 2017 հունվարին արդյունահանված նավթի ծավալը կազմել է 645,1 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,9 հազար տոննայով պակաս է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
2017-ի հունվարին ամբողջ Ադրբեջանում արդյունահանված նավթի ծավալը կազմել է 3 մլն 367,5 հազար տոննա, ինչն էլ 2016-ի հունվարի համեմատ 150,7 հազար տոննայով (4,2 տոկոս) պակաս է:
2017-ի հունվարին Ադրբեջանում նվազել է նաև բնական գազի արդյունահանումը:
Հունվարին SOCAR-ի կողմից արդյունահանված գազի ծավալը կազմել է 508,3 հազար խորանարդ մետր, ինչը 2016-ի հունվարին արդյունահանված գազի ծավալների համեմատ 34,8 հազար խորանարդ մետրով պակաս է եղել:
Ադրբեջանի ամբողջ տարածքում արդյունահանված գազի ծավալները հունվարին նվազել են 45,6 հազար խորանարդ մետրով:
Ընդհանուր առմամբ, 2016թ. 11 ամիսներին Ադրբեջանում արդյունահանվել է 37 մլն 719,3 հազար տոննա նավթ ( նախորդ տարվա համեմատ 1,4 տոկոսով պակաս):
2015-ին SPCAR-ը արդյունահանել է 8 մլն 160,5 հազար տոննա, իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանը` 41 մլն 689 հազար տոննա նավթ:
2016-ի 12 ամիսների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը նախատեսել էր 40 մլն 744,9 հազար տոննա նավթի արդյունահանում:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանը , որի պետական բյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, հայտնվել է խոր տնտեսական ճգնաժամում, ինչը ըստ ադրբեջանական փորձագետների` պայմանավորված համաշխարհային շուկայում նավթի պահանջարկի անկմամբ 2017 թվականին ավելի է խորանալու: