Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան (լուսանկարներ)
ФОТОLife.panorama.am-ը գրում է
Մոսկվաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանի համար երեկ օրը տոնական էր: Նա իր փոքրիկ ընտանիքի հետ միասին նշում էր որդու ատամհատիկը, իսկ թե ինչպես է օրն անցել ու որդին ինչ է պատրաստվում դառնալ, Անին պատմել է Life.panorama.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
Զրույցի սկզբում Անին նախ նկատեց, որ փոքրիկի հետ յուրաքանչյուր օրն է տոն դառնում, բայց եւ կես կատակ, կես լուրջ հավելեց.
«Եթե տանը բալիկ կա, ուրեմն ամեն օրը տոն է, իհարկե, օրվա վերջում վերածվում ես լավագույն դեպքում քամած լիմոնի եւ քեզ թվում է, թե հաջորդ օրը չես կարողանա անկողնուց վեր կենալ, բայց, փաստորեն, Աստված բոլոր մայրիկներին գերբնական ուժով ու համբերությամբ է օժտում: Ի դեպ, ամեն գիշեր, երբ Ռոբերտս պատրաստվում է քնել, մտքումս ուրախանում եմ, որ քիչ հետո վերջապես շունչ կքաշեմ, բայց հենց քնում է, սկսում եմ կարոտել ու անհամբեր սպասել լույսը բացվելուն»,- ժպիտով նշեց Անի Դաշյանն ու պատմեց Ռոբերտի առաջին ատամիկներից ու երեկվա տոնից.
«Տղաս առաջին ատամիկը բավականին շուտ՝ վեց ամսականում հանեց: Ասում են, որ տղա երեխաները սովորաբար ավելի ուշ՝ 9-10 ամսականում են առաջին ատամիկները հանում, բայց փաստորեն ամեն բան շատ ինդիվիդուալ է: Ու թեեւ Ռոբերտի առաջին ատամիկները շուտ էինք նկատել, բայց ատամհատիկի արարողությունը կազմապերպեցինք երկու ամիս անց: Ի դեպ՝ ատամհատիկի բոլոր աքսեսուարները դեռ ամիսներ առաջ մայրիկս էր Երեւանից ուղարկել ու ամեն օր հարցնում էր, թե երբ ենք նշելու: Մենք էլ ամեն շաբաթ ասում էինք՝ հաջորդ շաբաթ կնշենք ու այդպես շաբաթներ անցնելուց հետո ընտրեցինք փետրվարի 23-ը»,- պատմեց երջանիկ մայրիկը:
Հետաքրքրվելով, թե փոքրիկ Ռոբերտը ինչ մասնագիտություն է ընտրել, Անի Դաշյանը ծիծաղելով նկատեց.
«Ատամհատիկի կարեւորագույն հատվածը երեխայի կողմից մասնագիտության ընտրությունն է: Հատուկ պատրաստված թղթերի վրա գրված էին տարբեր մասնագիտություններ, բայց մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու»:
Անիի խոսքով՝ Ռոբերտի ատամհատիկի արարողությանը ներկա են եղել միայն իրենց ընկերները.
«Իհարկե, շատ ավելի ուրախ կլինեինք, եթե երեկ մեր կողքին լինեին Ռոբերտիս տատիկներն ու պապիկները, քեռիներն ու հորաքույրը, բայց, ցավոք, բոլորս տարբեր երկրներում ենք ապրում: Այս պարագայում միակ սփոփող հանգամանքը համացանցի առկայությունն է: Ամեն դեպքում, ես ու ամուսինս երեկ ջանք չենք խնայել, որպեսզի մեր բալիկի օրը տոնի վերածվի եւ, կարծում եմ, դա ստացվեց մեզ մոտ»,- հավելեց նա:
Ռոբերտն արդեն ութ ամսական է: Մայրիկի խոսքով՝ նա շատ աշխույժ բալիկ է.
«Այս շրջանում Ռոբերտի հետ հաղթահարում ենք ոչ միայն նոր ատամիկների «գալուստը», այլեւ նոր ուտեստների համտեսման փորձությունները: Նաեւ տղաս փորձում է առաջին քայլերն անել: Նա օր օրի ավելի շատ բան է հասկանում ու իր ներկայությամբ մեզ երջանիկ դարձնում»,- նշեց Անի Դաշյանը:
Հաղորդավարուհու խոսքով, եղանակաների տաքանալուն պես, փոքրիկ Ռոբերտին ծնողները կբերեն հայրենիք. Այդ օրվան Անի Դաշյանի ընտանիքը շատ է սպասում: