«Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանին հաշված օրեր են մնացել. BlogNews-ը ներկա է գտնվել սիթքոմի նկարահանումներին ու հետաքրքիր կադրեր ֆիքսել
ФОТОBlognews.am-ը գրում է.
Հայկական հեռուստաեթերի ամենաերկարակյաց սիթքոմներից մեկի՝ «Ֆուլ հաուսի» նոր՝ 6-րդ եթերաշրջանի նկարահանումները բուռն ընթացքի մեջ են, իսկ դա նշանակում է, որ շատ շուտով հեռուստադիտողը կրկին կհետևի արդեն սիրված կերպարների կյանքում տեղի ունեցող նոր զարգացումներին:
Ինչպես և բոլոր նախորդ եթերաշրջաններում, այս անգամ ևս սիթքոմի ստեղծագործական խումբն անում է ամեն ինչ, որպեսզի իր հեռուստադիտողին մատուցի որակյալ ու հետաքրքիր հումոր: Նախկին եթերաշրջաններից հայտնի հերոսների շարքերը համալրվել են նոր կերպարներով, որոնց կմարմնավորեն սիրված ու տարբեր նախագծերից հայտնի երիտասարդ դերասաններ Հայկ Պետրոսյանն ու Թամարա Պետրոսյանը: BlogNews.am-ը ծանոթացել է նոր դերասանների հետ, հետևել նկարահանման ընթացքին, շփվել սիթքոմի ստեղծագործական կազմի հետ ու նաև նկարահանել նրանց աշխատանքի ընթացքը։
Այս եթերաշրջանում «Ֆուլ հաուսի» հավատարիմ հեռուստադիտողների սիրելի հերոսների կյանքը թունավորող նոր կերպարներից մեկին մարմնավորելու է Հայկ Պետրոսյանը, ում հետ զրույցից պարզեցինք, որ դերասանի համար սա սիթքոմ ֆորմատում առաջին փորձն է.
«Շատ հետաքրքիր, ուրախ, ընտանիքի նման թիմ է: Ինձ շատ ջերմ են ընդունել, ու աշխատում ենք աշխույժ, դրական մթնոլորտում: Երբեք չեմ աշխատել այս ֆորմատի որևէ նախագծում, և սա ինձ համար հրաշալի փորձ է: Ես սիրում եմ ինձ համար տարբեր իրավիճակներից փորձ քաղել: Անկեղծ որ ասեմ, սիթքոմում նկարահանվելու առաջարկներ շատ եմ ստացել, սակայն երբեք չեմ համաձայնել: Իսկ ահա «Ֆուլ հաուսում» նկարահանվելու առաջարկը ընդունել եմ սիրով ու միանգամից: Կերպարիս մասին կասեմ, որ օլիգարխիկ, երկերեսանի, կոպիտ ու հղփացած երիտասարդ է, ով կարողանում է շրջապատում կիրթ, զիջող ու զարգացած անձնավորության տպավորություն թողնել»:
Թամարա Պետրոսյանի մարմնավորած կերպարը ևս այնպիսիներից է, որը սիրում է իր շուրջն ամեն ինչ լարված պահել. դերասանուհու տպավորությունները կերպարից ու նոր կոլեկտիվից այսպիսին են. «Կոլեկտիվի հետ շփումը միանգամից շատ հեշտ ու հաճելի ստացվեց, որովհետև բոլորին վաղուց ճանաչում եմ, ոմանց հետ աշխատել եմ: Լավ գիտեի՝ ուր եմ գալիս, այնպես որ, շատ ջերմ, բարի միջավայրում էլ աշխատում ենք: Ինձ համար այս կերպարը նորություն է, որովհետև նախկին դերերս միշտ բարի ու դրական են եղել, իսկ ահա այս կերպարը բացասական շղարշ ունի։ Սա և՛ ինձ, և՛ հեռուստադիտողի համար նոր է: Հենց այս պատճառով էլ աշխատանքս ավելի է հետաքրքրացել, և ինքս ինձ համար մասնագիտական նոր եզերքներ եմ բացահայտում»:
Սիթքոմի գլխավոր դերակատարներից Գրիգոր Դանիելյանը, ով նաև «Ֆուլ հաուսի» սցենարիստներից է, ասում է, որ նախագծի հաջողության հիմնական պատճառներից մեկն այն է, որ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող դերասաններ են ընդգրկված. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր հեռուստադիտողը լարվածությամբ ու հետաքրքրությամբ դիտի այս եթերաշրջանը: Մեր առջև մշտապես մի խնդիր է դրված՝ երբեք չկորցնել մեր հավատարիմ հեռուստադիտողներին և ավելի ընդլայնել մեր լսարանը: Ամեն ինչ անում ենք, ջանք ու եռանդ չենք խնայում՝ չնայած նրան, որ ամեն եթերաշրջանի ավարտից հետո սցենարային առումով մեր խնդիրն ավելի է բարդանում, որովհետև նույն թեմայի ու կերպարների շուրջ ծավալվելն այդքան էլ հեշտ չէ: Հեշտ չէ, բայց ստացվում է»:
Դե իսկ ամենավերջում «Ֆուլ հաուսի» երկրպագուներին տեղեկացնենք, որ սիրված սիթքոմը եթերում կլինի արդեն իսկ մարտի 13-ից, ինչպես միշտ, «Արմենիա» TV-ի եթերում: Իսկ դա նշանակում է, որ հումորով, հետաքրքիր տրամադրությամբ ընտանեկան երեկոներն առջևում են:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի