«Արթֆուդ» ընկերության տնօրենը հերքում է հարկային ստուգումների և ֆինանսական դժվարությունների մասին լուրերը
ЭКОНОМИКАԱյսօր առավոտյան մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ «Արթֆուդ» ընկերությունում հարկային ստուգումներ են անցկացվում և որ պահածոների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում նաև ֆինանսական դժվարություններ են ծագել, իսկ բանկերը հրաժարվում են վարկային նոր միջոցներ տրամադրել։
Past.am-ը զրուցել է «Արթֆուդ» ընկերության տնօրեն Վաչիկ Կարապետյանի հետ՝ ստուգելու համար լուրերի իսկությունը:
Մեզ հետ զրույցում վերջինս հերքեց հարկային ստուգումների մասին լուրերը՝ ասելով, որ դրանք պարզապես հերյուրանք են:
Իսկ ինչ վերաբերում է բանկերի՝ ընկերությանը վարկային նոր միջոցներ տրամադրելուց հրաժարվելուն, տնօրենն այդ տեղեկատվությունը «պարզապես ծիծաղելի» է համարում, քանի որ ընկերությունը ֆինանսական խնդիրներ չունի, հետևաբար՝ վարկ վերցնելու անհրաժեշտություն նույնպես չկա: