«Անառողջ քննադատություններին կասեմ՝ դուք հիվանդ եք». Էվա Խաչատրյանի համարձակ ֆոտոշարքը
ФОТОLife.panorama.am-ը գրում է.
Վերջին օրերին համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել դերասանուհի Էվա Խաչատրյանի՝ ԱՄՆ-ում արված նոր ֆոտոշարքը, որտեղ դերասանուհին ներկայացել է բավականին անկեղծ ու համարձակ կերպարով: Life.panorama.am-ը նոր ֆոտոշարքի ու ԱՄՆ-ում անցկացրած օրերի մասին խոսել Էվայի հետ, ով արդեն Երեւանում է:
«Ֆոտոշարքի հեղինակն է Սեդան Ստեփանայանն, ով ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: Քանի որ ես այնտեղ էի, Սեդանն առաջարկեց մի գեղեցիկ ֆոտոշարք անել, ես էլ սիրով համաձայնեցի: Ֆոտոշարքը երկու մասից է բաղկացած. առաջինը համարձակ կերպար ենք ստացել, մյուսը՝ ավելի նուրբ: Առաջիկայում կներկայացնենք երկու կերպարներն էլ, առայժմ միայն մի կերպար ենք ցույց տվել»,- նշեց Էվան:
Մեր հարցին, թե արդյոք Էվա Խաչատրյանը այս ֆոտոշարքն իրականացնելուց առաջ մտավախություններ չի ունեցել, պատասխանեց.
«Իսկզբանե չէինք մտածել, որ պիտի համարձակ ֆոտոշարք անենք, դա ստեղծագործելու ընթացքում է ստացվել, եւ ես էլ շատ գոհ եմ մեր աշխատանքից: Կարծում եմ, ժամանակն է բարդույթներից ազատվել, մանավանդ ստեղծագործական ոլորտում: Ինչ վերաբերվում է քննադատություններին, բազմիցս եմ նշել, որ առողջ քննադատությունը լավ բան է, իսկ անառողջ քննադատություններին կասեմ՝ դուք հիվանդ եք»:
Անդրադառնալով ԱՄՆ-ում անցկացրած օրերին՝ Էվան պատմեց.
«Ինչպես հայտնի է, Մկրտիչ Արզումանյանը, Հովհաննես Ազոյանը, Գրիշա Աղախանյանն ու ես ԱՄՆ էինք մեկնել, որպեսզի խաղայինք «Պլյուս-մինուս» ներկայացումը: Լավ ու հաջող աշխատանքային օրեր ենք ունեցել: Այնտեղ անցկացրածս օրերի ընթացքում հասցրեցի ընկերներիս հանդիպել, որոնց շատ էի կարոտել, նաեւ ձեռք բերեցի հրաշալի ըկերներ: Շատ երջանիկ եմ, որ նրանք հայտնվել են իմ կյանքում, վստահ եմ, որ մեր ընկերությունը անպայման կշարունակվի»:
Էվա Խաչատրյանի խոսքով՝ վերադառնալուն պես անցել է իր բնականոն աշխատանքին.
«Արդեն Հայաստանում եմ, անցել եմ իմ բնականոն աշխատանքիս՝ նկարահանումներ, թատրոն: Այս ընթացքում նոր ներկայացման պրեմիերա է եղել, որից բացակայել եմ, սակայն շուտով կներգրավվեմ»,- ավարտեց Երեւանի Պետական Կամերային թատրոնի դերասանուհին: