Գայա Արզումանյանը՝ Սևակ Խանաղյանի հետ համատեղ տեսահոլովակի մասին
ФОТОLife.panorama.am-ը գրում է
Երգչուհի Գայա Արզումանյանը եւ ուկրաինական «X-Factor» նախագծի հաղթող Սեւակ Խանաղյանը համատեղ տեսահոլովակ են նկարահանել, որի մանրամասների մասին Գայան պատմել է Life.panorama.am-ին.
«Կարծում եմ, շատերին գաղտնիք չէ, որ ես ու արդեն իմ լավ ընկեր Սեւակ Խանաղյանը պատրաստվում ենք հանդիսատեսի դատին հանձնել մեր առաջին համագործակցությունը»,- նշեց արցախցի երգչուհին:
Հետաքրքրվելով, թե ինչպես է կայացել Գայայի եւ Սեւակի համագործակցությունը, երգչուհին պատմեց.
«Մտահղացումը իմ պրոդուսերինն էր՝ Արայիկ Գաբաջյանինը: Երբ մի քանի ամիս առաջ համացանցում նոր-նոր էր հայտնվել Սեւակի մասնակցությամբ ուկրաինական «X-Factor»-ի տեսանյութերը, մի օր ինքս առաջարկեցի պրոդյուսերիս, որպեսզի փոքրիկ համերգային ծրագրով հրավիրենք Սեւակին այն ռեստորանային համալիր, ուր նաեւ ես եմ աշխատում: Իսկ երբ Արայիկը դիտեց Սեւակի տեսանյութերը, շատ ոգեւորվեց եւ անմիջապես հենց նույն օրը գտավ նրան, կապ հաստատեց ու պայմանավորվեց համերգի համար: Չանցած մի քանի օր, պրոդյուսերս առաջարկեց զուգերգ կատարենք, ես էլ ասացի՝ ինչու ոչ, դրան հաջորդող քայլն էլ եղավ Սեւակին առաջարկելը: Սեւակը, երբ լսել էր իմ ձայնը, միանգամից համաձայնվել էր: Սկսեցինք երաժշտությունը փնտրել, մի քանի երգահանների լսեցինք, սակայն վերջում ընտրվեց այն տարբերակը, որը ունենք, իսկ բառերի հարցում միանշանակ էր՝ վստահեցինք Ավետ Բարսեղյանին»:
Խոսելով «Այայի երկիր Արցախ» երգից, Գայան նշեց.
«Երգի թեմայի շուրջ շատ չմտածեցինք, քանի որ կար միտք՝ անել այնպիսի գործ, որ նվիրվի 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին: Սակայն Ավետը գրեց այնպիսի բառեր, որը ավելի ուժ կտար մեր մարտիկներին ու այն բոլոր հայերին, ովքեր իսկապես հասկանում են հայ լինելու կարեւորությունն ու Արցախն իրենցն են համարում»:
Անդրադառնալով տեսահոլովակին, որի պրեմիերան կկայանա մարտի կեսին, Գայա Արզումանյանը նկատեց, որ ընդամենը մի քանի ժամում է տեսահոլովակը նկարահանվել.
«Տեսահոլովակի գաղափարը միանգամից եկավ: Իսկ նախապատրաստական աշխատանքները մի քանի օր է եղել, նույնիսկ կարելի է ասել՝ մի քանի ժամ: Քանի որ երգը շատ ազդեցիկ է, ուստի չուզեցինք տեսահոլովակը շատ ակցենտավորել: Ողջ գաղափարը Արայիկ Գաբաջյանինն էր, ով նաեւ ռեժիսորի պարտականությունը ստանձնեց, օպերատրը Սուրեն Թադեւոսյանն է: Տեսահոլովակը նկարահանվել է մի քանի ժամում, քանի որ Սեւակը չեր կարող շատ մնալ»,- ավելացրեց երգչուհին:
Գայա Արզումանյանի խոսքով՝ Սեւակ Խանաղյանի հետ սա դեռ առաջին համագործակցությունն է, բայց ոչ վերջինը.
«Դեռ առաջին համագործակցությունն է, իսկ ապագա ծրագրերի մասին դեռեւս փակագծերը չեմ բացի»,- ավարտեց երգչուհին: