Life.panorama.am-ը գրում է.
«Mezzo» ակումբում երեկ կայացել է երգչուհի Անուշիկ Ալավերդյանի տոնական համերգային երեկոն, որին ներկա են գտնվել ինչպես հայտնի հյուրեր, այնպես էլ երգչուհու երկրպագուները:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ անասելի ներքին լարվածություն է ունեցել համերգից առաջ.
«Նախ պետք է ասեմ, որ երեկ ողջ օրը շատ լարված էի: Առհասարակ, դադարից հետո վերադառնալով ասպարեզ՝ զգում եմ, որ յուրաքանչյուր համերգից առաջ չափազանց անհանգստանում եմ: Իսկ երեկվա համերգն էլ ավելի պարտավորեցնող էր ինձ համար: Ինչեւէ, բեմ բարձրանալուն պես՝ կոտրվեց ներքին լարվածությունս եւ սկսեցի վայելել օրս»,- պատմեց Անուշիկը:
Երգչուհու ծննդյան օրը մարտի 2-ին էր, որի մասին Life.panorama.am-ը պատմել է, սակայն այդ օրը Անուշիկը որեւէ կերպ չի նշել, ավելին՝ իր խոսքով անգամ անսովոր են եղել այդ օրվա շնորհավորանքները.
«Այնքան էի կենտրոնացել ծննդյանս համերգային երեկոյի վրա, որ անգամ օրեր առաջ՝ մարտի 2-ին, ասես մոռացած լինեի, որ ծննդյանս օրն է: Նույնիսկ, երբ մարտի 2-ին ինձ զանգում ու շնորհավորում էին, մի տեսակ շփոթվում էի, քանի որ այս տարի իմ ծննդյան օրն ինձ համար հենց մարտի 9-ին էր: Երեկ լսեցի շատ հաճելի շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, իսկ տոնական օրվա վերջում կտրեցինք գեղեցիկ տորթն ու ես, ամուսինս ու թավջութակահար Նարեկ Գասպարյանը բոլորովին այլ կերպով ներկայացրինք իմ «Շնորհակալ եմ» երգը, որն ասես իմ այցեքարտն է դարձել»,- նշեց նա:
Երեկոյի ընթացքում երգչուհուն իրենց կատարումներով շնորհավորել ու ողջունել են սիրված եւ հայտնի ընկերները.
«Երեկ կողքիս էին իմ սիրելի մարդիկ: Ակումբն ամբողջությամբ լեփ-լեցուն էր: Ինձ հետ միասին երգեցին իմ շատ սիրելի ընկերները: Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը շատերին անակնկալի բերեց իր նոր՝ շատ գեղեցիկ կարգավիճակով. Ի դեպ՝ նա առաջին անգամ նոր կարգավիճակում բեմ բարձրացավ, ինչը շատ հուզիչ էր ոչ միայն ինձ համար, այլեւ ներկաների: Երգեցին նաեւ Սոնա Ռուբենյանը, Ռոբերտ Քոլոյանը, ով եւս անակնկալի բերեց շատերին, քանի որ քչերը գիտեն, որ նա առաջին հերթին երգիչ է, հետո նոր լուսանկարիչ: Ես ու Գրիգոր Կոկչյանը ներկայացրինք նաեւ մեր զուգերգը»,- պատմեց երգչուհին:
Անուշիկ Ալավերդյանը պատասխանատու համերգից հետո չի հանգստանա.
«Մարտի 23-ին քույրիկիս՝ Արեւիկ Ալավերդյանի եւ մի շարք այլ երգիչների հետ մեկնելու եմ Փարիզ՝ մասնակցելու «Armenia europe music awards» մրցանակաբաշխությանը, որտեղ կներկայացնեմ կրկին իմ «Շնորհակալ եմ» երգը: Վերադառնալուց հետո ձեռնամուխ կլինենք նոր տեսահոլովակի պատրաստության աշխատանքներին: Բացի դա էլ, ամուսնուս ու մի շարք այլ տաղանդավոր երաժիշտների հետ հետաքրքիր նախագիծ ենք սկսում, որի մանրամասների մասին ավելի ուշ կհայտնենք»,- ավարտեց Անուշիկը: