Արփի Գաբրիելյանը պատմել է իր նոր աշխատանքի մասին
ФОТОBlogNews.am-ը գրում է.
Շուտով Արփի Գաբրիելյանի երկրպագուները ուրախանալու առիթ կունենան. նա պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել: «Ծաղրածու». այսպես է կոչվում Արփիի նոր երգը, որի պրեմիերան կլինի «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանի առաջին սերիայի վերջում։ Մինչ այդ Արփինեն BlogNews.am-ին բացառիկ մանրամասներ է վստահել իր նոր աշխատանքից:
«Երգի և երաժշտության հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, Նրան վաղուց եմ ճանաչում և համարում եմ, որ ունի իր ուրույն ոճը: Երբ առաջին անգամ լսեցի այս երգը, հասկացա, որ հետաքրքիր է և համապատասխանում է իմ էությանը: Այս աշխատանքը պետք է ավելի շուտ լիներ, բայց կարծում եմ՝ ամեն ինչ այս կյանքում իր ժամանակն ունի, ամեն դեպքում գարնան հետ համընկավ, ինչն իրոք համահունչ է երգի հետ»:
Արփին նշում է, որ միայն երգը լսելուց հետո շատերը կհասկանան, թե ինչու է կոչվում «Ծաղրածու»: Տեսահոլովակի սյուժեի մասին խոսելիս նշեց. «Գլխավոր հերոս չկա, միայն ես եմ և իմ ապրումները, ինչը համահունչ է երգին: Տեսահոլովակը նկարահանել է Կարեն Ամյանը, իսկ սյուժեն կոնտեքստով կապված է «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանում Լիկայի կերպարի հետ»։
Իսկ այն հարցին՝ արդյոք պատրաստվում է ավելի շատ զբաղվել երգարվեստով, Արփին նշեց. «Պարզապես կասեմ՝ որոշել եմ այդ ասպարեզին փոքր-ինչ շատ ժամանակ հատկացնել»:
Զրույցի վերջում Արփինեն շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր աջակցել են տեսահոլովակի կայացման հարցում. «Շնորհակալ եմ Գրիգոր Կյոկչյանին լավ երգի համար, Մարտին Միրզոյանին, ում վստահել եմ գործիքավորումը, ով այս ոլորտի լավագույններից է։ Տեսահոլովակի ռեժիսոր Կարեն Ամյանի հետ արդեն երրորդ տարին է՝ համագործակցում ենք. նրա հետ բավականին հանգիստ է աշխատելը: Տեսահոլովակի ոճով զբաղվել է Արմեն Գալյանը, իսկ հագուստի դիզայներն է Ֆաինան, ով միշտ իմ կողքին է, դիմահարդարումս ինչպես միշտ վստահել եմ Ագա Քանքանյան իմիջ կենտրոնին։ Շնորհակալ եմ նաև «Ֆուլ հաուսի» անձնակազմին. տեսահոլովակի կայացման հարցում նրանց ներդրումը մեծ էր, նրանք հարազատի պես կողքիս են եղել, և բնականաբար, Արմեն Պետրոսյանին, ով այս ամենն իրականցրեց ինձ հետ միասին»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է Արփի Գաբրիելյանը