Հայաստանի եւ Իրանի մաքսային կառույցները համագործակցելու են
ЭКОНОМИКАՍեպտեմբերի 24-28-ը աշխատանքային այցով Թեհրանում է գտնվել ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ:
Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության նախագահ Մասուդ Քարբասյանի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են ԻԻՀ եւ ՀՀ մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր, մասնավորապես, անդրադարձել են մաքսային տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակմանը, ֆինանսական եւ համատեղ ներդրումային ծրագրերին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ սահմանահատող տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: Առաջիկայում համապատասխան համաձայնագիրը կլրամշակվի եւ կնախապատրաստվի ստորագրման:
Կողմերը նշել են զբոսաշրջության զարգացման նպատակով Իրան-Հայաստան սահամանային անցակետում երկու երկրների քաղաքացիների սեփական փոխադրամիջոցներով սահմանի հատման ընթացակարգերի պարզեցման, բեռների եւ ուղեւորների հոսքն ավելի արագ կազմակերպելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ԻԻՀ օտարերկրյա ներդրումային, տնտեսական եւ տեխնիկական աջակցման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Խազայիի հետ կայացած բանակցություններում քննարկվել են Իրան-Հայաստան փոխգործակցության նոր հնարավորությունները` կապված Իրանի նկատմամաբ միջազգային պատժամիջոցների վերացման, Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո փոխադարձ ներդրումների խթանմանն առնչվող հարցեր:
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը այցելել է Թեհրանի Արեւմտյան մաքսատուն եւ Սպահան քաղաքի մաքսակետ, ծանոթացել վերջիններիս գործունեությանը: