«Եթե որոշել եմ, էլ հետդարձ չկա». Աստղիկ Սաֆարյանը Երևան վերադառնալու և կողակցի տեսակի մասին
ФОТОTert.am Life–ը գրում է
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը այս օրերին Երևանում է։ Երգչուհին Բարսելոնայից վերադարձել է մի շարք աշխատանքներ իրագործելու նպատակով։ Tert.am Life–ի հետ զրույցում Աստղիկը պատմեց նոր ծրագրերի, միամսյակի ու կողակցի տեսակի մասին։
«Աշխատանքս է ինձ բերել այստեղ, քանի որ պլանավորել եմ բավականին խիտ աշխատանքային գրաֆիկ, որը պահանջում է իմ ներկայությունը և, իհարկե, իմ ներգրավումը գործին։ Շատ շուտով Երևանում պատրաստվում եմ նկարահանել միանգամից 3 տեսահոլովակ։ Այս շրջանում նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Փակագծերը չբացելով՝ միայն կասեմ, որ կնկարահանվեն վերջին «Better Way» ձայնասկավառակիս երգերից մի քանիսի հիման վրա։ Բացի այդ, ստեղծվել են նոր երգեր, ստեղծագործում եմ նաև այլ երգիչների համար, աշխատում եմ իմ ապրանքանիշի նոր հավաքածուի վրա»,– ասաց Աստղիկը։
Երգչուհու ծրագրերի մեջ մտնում է նաև ակումբային համերգ։ Նրա խոսքով`շատ ու շատ այլ ծրագրեր ու նախագծեր կան, որոնք չցանկացավ մանրամասնել։ Աստղիկը նշեց, որ Բարսելոնայի հետ կապված էլ նպատակներ ունի։ «Մեծ է ցանկությունս` Բարսելոնայի հայերին ներկայանալ համերգային ծրագրով։ Այնտեղից նաև շատ առաջարկներ ունեմ`նկարահանվելու իսպանական տարբեր գովազդային հոլովակներում։ Պետք է հասկանամ ինչպես համատեղել, որպեսզի մեկը մյուսին չվնասի»,–ավելացրեց Աստղիկը։
Թերևս, յուրաքանչյուր կին միամսյակին ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել, հատկապես, սիրելիի կողմից։ Աստղիկից հետաքրքրվեցինք՝ մի՞թե նմանատիպ զգացողություն չի ունեցել. «Նման զգացում չեմ ունեցել, միգուցե նրանից է, որ երբեք ուշադրության պակաս չեմ նկատել։ Ես ամեն օր եմ ստանում այդ ուշադրությունը և սերը իմ սիրելի երկրպագուների կողմից, նրանք իրենց ուշադրությամբ և ջերմությամբ միշտ կարողանում են ստիպել ինձ ժպտալ։ Հուսով եմ՝ ես էլ նույնը փոխանցում եմ նրանց իմ երգերով և համերգային գործունեությամբ»։
Երգչուհին պատմմեց, որ Կանանց միջազգային տոնը` Մարտի 8-ը, իր համար աշխատանքային սովորական օր էր, սակայն երկրպագուներն այդ օրը առավել գեղեցիկ դարձրեցին՝ ուղարկելով տարբեր ծաղկեփնջեր, նվերներ անմիջապես մեր տուն. «Ափսոս, ինքս տանը չեմ եղել և անձամբ չեմ կարողացել ընդունել այդ ամենը։ Իսկապես, շնորհակալ եմ բոլոր իմ երկրպագուներին, որ միշտ ուշադրությամբ են պատում ինձ և գնահատում իմ երաժշտությունը։ Ես էլ ստեղծագործում եմ հենց նրանց համար»։
Աստղիկը նշեց, թե ինչպիսին կցանկանա տեսնել իր ընտրյալին. «Կուզեի, որ նա իսկապես լավը լինի, ոչ թե թվացյալ։ Հուսամ՝ այդպիսինն էլ կլինի։ Տղամարդու մեջ չեմ սիրում, երբ խոսքերը չեն համապատասխանում արարքներին։ Ըստ իս` իսկական տղամարդուն դա վայել չէ»։
Երգչուհու խոսքով՝ ինքը փնտրող տեսակ չէ։ «Միգուցե դա է պատճառը, որ դեռ չեմ գտել նրան, բայց դա իմ «ֆորմատը» չէ։ Ես չեմ փնտրում, հակառակը, ինձ կփնտրի և կգտնի նա, ով իրականում նախատեսված է ինձ համար։ Իսկ թե ով կլինի նա, ինձ նույնպես արդեն հետաքրքիր է»,– նշեց երգչուհին։
Ըս Աստղիկի՝ որոշումներ կայացնելիս ինքը երկար է ծանրութեթև անում, բայց երբ որոշում է, այլևս հետդարձ չկա։ «Ես անխախտ հավատարիմ եմ լինում իմ որոշմանը։ Նույն էլ հարաբերություններում է, կարող եմ երկրորդ հնարավորություն տալ, ներել և հասկանալ, սակայն երբ դիմացինս շարունակում է գործել նույն սխալները, շահագործել բարությունս, որոշում եմ`վերջ տալ ամեն ինչ։ Դա նշանակում է, որ կորցնում եմ հարգանքս, վստահությունս ու փոխվում է երբեմնի դրական վերաբերմունքս` դառնալով անտարբեր»,–եզրափակեց Աստղիկը։