ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը նվիրատվություն կատարեց Գավառի մանկատանն ու Գյումրու «Երեխաների տանը»
ЭКОНОМИКАԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը մարտի 16-ին Գավառի մանկատան սաներին նվիրաբերեց հագուստ, խաղալիքներ, իսկ Գյումրու «Երեխաների տանը»` էլեկտրատեխնիկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ առիթով Գավառի մանկատանն էր ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմին:
«Երջանիկ եմ` տեսնելով այս երեխաներին: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում երեխաներին և մշտապես փորձում ենք ծառայել ու օգնել նրանց: Հայ և արաբ ժողովուրդները բարեկամներ են, և հիմա մենք փոքր օգնություն ենք ցուցաբերում մեր բարեկամ ժողովրդի երեխաներին»,- ասաց ԱՄԷ դեսպանն ու հավելեց, որ ապագայում ևս կշարունակեն օգնություն ցուցաբերել:
«Մանկատունն ունեցել է շատ հյուրեր, բայց առաջին անգամ ենք արաբական աշխարհից հյուր ընդունում: Երեխաները շատ են լսել ձեր երկրի մասին: Եվ հուսանք, որ չափահաս դառնալուց հետո մի օր կգան Էմիրություններ` հանգստանալու: Ուրախ և զգացված ենք Ձեր նվիրատվության համար և հուսով ենք, որ կունենանք նոր համագործակցություն»,- ասաց մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
Դեսպանը մանկատան սաներին հանձնեց նաև անձնական նվեր` պլանշետ: Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմին մանկատան տնօրենից հետաքրքրվեց նաև երեխաների, նրանց զբաղվածության և հետագա անելիքների մասին:
«Մանկատան սաներից ոչ ոք Գավառից չէ, 28-ը Երևանից են, 32-ը` հանրապետության մյուս տարածքներից: Երկու տարվա ընթացքում մեծ աշխատանք է տարվել` ավելի քան 10 երեխաներ հանձնվել են խնամակալ ընտանիքների և շատ երջանիկ են: Մանկատան երկու սաներ շուտով աշխատանքի կանցնեն, մեկը` ոստիկանական համակարգում, մյուսը կաշխատի որպես պայմանագրային զինծառայող: Սաներից շատերն այժմ սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- եզրափակեց մանկատան տնօրենը:
Ի նշան դեսպանի հետ առաջին հանդիպման` երեխաները նրան նվիրեցին իրենց ձեռագործ աշխատանքը` Հայաստանի բնանկարը և ներկայացրեցին հայկական պարերն ու երգերը: