«Դժվար է նոր բան ստեղծել». Իվետա Մուկուչյանը՝ Արծվիկի երգի մասին
ФОТО«Այնքան հպարտ եմ, որ Հայաստանը միշտ ինչ-որ նոր բան է փորձում եւ երբեք չի կենտրոնանում ստանդարտների վրա»,-անդրադառնալով «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգին, իր ֆեյսբուքյան էջում գրել է մրցույթի մեր նախորդ տարվա մասնակից Իվետա Մուկուչյանը:
«Միշտ էլ դժվար է ինչ-որ նոր բան ստեղծել եւ լինել նորարար: Հաջողություն քեզ, Արծվիկ: Անհամբեր սպասում եմ կենդանի կատարմանը»,-գրել է երգչուհին:
Նշենք, որ Արծվիկի՝ «Fly with me» («Թռչիր ինձ հետ») եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակը հանդիսատեսի դատին են հանձնվել երեկ՝ մարտի 18-ին: Երգի խոսքերի հեղինակները Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանն են, իսկ երաժշտությունը հեղինակել են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները:
Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Նա համադրում է կյանքի տարբեր գույները եւ հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, եւ դառնում արեւ, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար:
«Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին` Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE