Նորոն ԱՄՆ–ում թանկարժեք մեքենա է գնել և համարձակ տեսահոլովակ նկարահանել
ФОТОTert.am Life- ը գրում է
Երգիչ Նորոն, ով տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ում է բնակվում, նորություն ունի իր երկրպագուների համար: Նորոն վերջերս նոր տեսահոլովակ է նկարահանել, որը հավակնում է թեժ քննարկումների առիթ դառնալ: Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը պատմել է ծախսատար նոր տեսահոլովակի և իր համար թանկարժեք մեքենա գնելու մասին:
«Տեսահոլովակը նկարահանել ենք Լոս Անջելեսի սրտում՝ Դաունթաունում: Վարձել էինք շատ գեղեցիկ մի տեղ` World disney-ի փարքինգի վերևի հարկը, որտեղ ունեինք նկարահանելու բոլոր իրավունքները: World disney-ում հայկական ձևով` աղջիկներով, մեքենաներով տեսահոլովակ ենք նկարահանել: Այդ օրն այնտեղ սիմֆոնիկ համերգ էր, մարդիկ դուրս էին եկել, նկարում էին մեզ: Երևի կարծում էին, թե մեգաաստղ է երգում:) Հետաքրքիր օր ենք ունեցել»,– պատմեց երգիչը։
«Կես–կես» կոչվող երգի երաժշտության հեղինակը Բինան է, խոսքերը գրել է Սվետլանա Բոսնոյանը, իսկ գործիքավորմամբ և երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է Artur & Bina փրոդաքշնը։ «Ռեժիսոր հասկացողություն այս անգամ էլ չի եղել իմ տեսահոլովակում։ Բոլորս հանդես ենք եկել որպես ռեժիսոր, օպերատորը Գևորգ Սարգսյանն է»,– ասաց նա ու հավելեց, որ տեսահոլովակը մի քիչ ուշ կներկայացնեն, քանի որ ապրիլը հայերիս համար բարդ ամիս է` Ապրիլյան պատերազմի և Հայոց ցեղասպանության տարելիցներն են։
Տեսահոլովակում կան բաց տեսարաններ, սակայն երգիչը վստահեցնում է, որ գռեհիկ ոչինչ չի լինի։ «Ունենք բաց տեսարաններ, աղջիկները ամառային բաց հագուկապով են, բայց ամեն ինչ չափի մեջ ենք արել, գռեհիկ, ցենզուրայից դուրս ոչինչ չի լինելու։ Պարզապես ամառային, համարձակ, գեղեցիկ տեսահոլովակ է լինելու՝ հայկական եթերին համապատասխան։ Այստեղ մենք ամեն օր այդպիսի աղջիկների ենք տեսնում։ Ամերիկացիները կոմպլեքսներ չունեն։ Երբ մոդելին առաջադրանք ես տալիս, անկաշկանդ անում է, մեզ համար է դա մի քիչ խորթ»,– նշեց նա։
Նորոյի խոսքով` բավականին թանկ տեսահոլովակ է նկարահանել, որը լիարժեք համապատասխանում է ամերիկյան չափանիշներին։ «Շատ գեղեցիկ տեսահոլովակ ենք նկարահանել` թանկ բյուջեով, քանի որ այստեղ միայն նկարահանման վայրի տերմինը մեծ գումարների հետ է կապված։ Անձնակազմն էլ մեծ էր` մոտ 50 մարդ է աշխատել տեսահոլովակի վրա։ Ամեն ինչ արել ենք, որ շատ գեղեցիկ տեսահոլովակ ստացվի։ Էներգետիկ տեսահոլովակ է` գեղեցիկ աղջիկներով, լավ մեքենաներով։ Մոտ 15 մեքենա և մոտոցիկլ է եղել տեսահոլովակում, 25 այլազգի մոդել, որոնց ընտրել ենք քասթինգի միջոցով։ Մեքենաների հարցում ինձ օգնել են իմ ընկերները` Platinum Motorsport-ի տղաները` Ջեքը, Ջորջը և Սահակը, ովքեր մեքենաներ են հավաքում մեգաաստղերի համար` սկսած հայ աստղերից՝ Քիմ Քարդաշյանից»,– հայտնեց նա։
Ի դեպ, երգիչը հետ չի մնում թանկարժեք մեքենաների աստղային մրցավազքից։ Այսօր նա նոր մեքենա է գնել` վերջին մակնիշի Range Rover, ինչի կապակցությամբ բավականին ուրախ էր։ Երգչի ամերիկյան կյանքի մասին Tert.am Life-ի հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում: