Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն Օլիմպիական խաղերի չորս ուղեգրի հույս ունի
СПОРТՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը լիահույս է աշխարհի առաջնությունից առաջ, որտեղ կխաղարկվեն Օլիմպիական վարկանիշներ: Թեպետ Ռիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է մոտ 300 օր, սակայն հայ բռնցքամարտիկները դեռևս ոչ մի ուղեգիր չունենք այդ խաղերի համար: Գևորգյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց առաջիկա աշխարհի առաջնությունից, ինչպես նաև նշեց, թե Ռիոյի Օլիմպիական խաղերի համար քանի ուղեգրի հույս ունի:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք բռնցքամարտի աշխարհի առաջնությունից:
-Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են երեք բռնցքամարտիկ: Երեքն էլ արդեն փորձված տղաներ են, երեքից էլ սպասելիքներ կան: Եթե անկեղծ, ապա մենք չունենք այսօր այն ակնհայտ առաջատարը, ում համար ես վստահ լինեմ, որ նրանցից մեկը կարող է աշխարհի չեմպիոն դառնալ: Բայց որ նրանցից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ուղեգիր ձեռք բերելու և մեդալներով վերադառնալու, դրանում ես համոզված եմ: Մնացածն արդեն բախտի բան է, թե արդյոք ճակատագիրը բարեհաճ կգտնվի իրենց նկատմամբ, թե ոչ: Սիրողական բռնցքամարտում մրցավարական խնդիրներն ամբողջ աշխարհում են խնդիր դարձել, քանի որ սպորտն ամբողջությամբ քաղաքականացվել է, և գերտերությունները փորձում են իրենց մկանները ցույց տալ սպորտի միջոցով: Այս դեպքում մեռնում է սպորտը և կորչում է արդարությունը: Դրա համար հիմա բոլորը փախնում են պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Սա նորություն չէ, մենք պատրաստ ենք հաղթահարելու այս ամենը: Մեր տղաներից կպահանջվի երեքական մենամարտ անցկացնել և հաղթել օլիմպիական ուղեգրի համար:
-Պարոն Գևորգյան, բացեք խնդրում եմ չակերտները` ինչո՞ւ է երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ուղեկցում մեծահասակների հավաքականին աշխարհի առաջնություն:
-Քանի որ Եվրոպայի առաջնությունում Արամ Ավագյանը գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի և այժմ թիմի առաջատարը Արամն է այսօր և մասնագիտական լեզվով ասած Արամն այժմ «քաշ է գցում»` մոտ 10 կգ: Որոշում կայացվեց, որ լիդեր մարզիկը լինի իր անձնական մարզիչի հետ, քանի որ նա մասնակցել էր Եվրոպական խաղերին, Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը: Պարոն Աղամալյանը պատահական մարզիչ չէ, նա պատրաստ և ունակ է թիմը տանելու աշխարհի առաջնությանը: Նրա ղեկավարությամբ թիմը պիտի որ ավելի լավ հանդես գա:
-Դուք կարծում եք, որ մենք իսկապես կկարողանա՞նք 4 վարկանիշ ունենալ Ռիոյի Օլիմպիական խաղերի համար:
-Այո, մենք կկարողանանք Օլիմպիական խաղերի համար 4 վարկանիշ ունենալ` 2 աղջիկ, 2 տղա: Չմոռանանք, որ մեր աղջիկները բավականին ուժեղ են: Հաջորդ տարվա մեկնարկին նրանք կգնան աշխարհի առաջնություն, որտեղ իրենց հաղթանակներով ձեռք կբերեն ուղեգիր: Անուշ Գրիգորյանը հաղթելով առաջ է շարժվում, միայն բաց թողեց երիտասարդների Օլիմպիական խաղերը, և դա բնական է երիտասարդ մարզիկի համար: Դրանից Անուշը կարողացավ իրեն հավաքել և ապացուցել, որ իսկապես ուժեղ է:
-Բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական նիստի ժամանակ խոսվեց նաև մարզիկների հոգեբանորեն պատրաստ չլինելու մասին: Գուցե թիմին հոգեբաններ են պետք:
-Գուցե:
-Իսկ աշխատանքներ տանո՞ւմ եք այդ ուղղությամբ:
-Գիտեք, սպորտային հոգեբանությունը միանգամայն այլ բան է: Եթե լինեն նման սպորտային հոգեբաններ, ովքեր պատրաստ են թիմին օգնել, ես պատրաստ եմ նրանց հետ աշխատել: Շատ դեպքերում ինքս եմ հոգեբանի դեր կատարում, նրանք խնդրել են, որ անպայման իրենց կողքին լինեմ: Կգնամ իրենց հետ աշխարհի առաջնությանը և կփորձեմ ոգևորել ու ոգեշնչել նրանց: Ուրախ եմ, որ իմ կերպով և էությամբ ես կարողանում եմ թիմին ոգևորեմ: Ինձ հաջողվեց նրանց վստահություն և հավատ ներշնչել: