Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» ֆիլմը ցուցադրվել է Վատիկանում
ФОТОTert.am-ը գրում է
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը ցուցադրվել է Վատիկանում։ Պրեմիերային ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը և այլք։
Variety-ն գրում է, որ ֆիլմը ցուցադրվել է Վատիկանի առաջարկով։
«Երբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այցելեց Հայաստան՝ իր խոսքում օգտագործեց «ցեղասպանություն» բառը։ Դա մեծ հիացմունք առաջացրեց մարդկանց մեջ։ Երբ Վատիկանում իմացան ֆիլմի մասին, առաջարկեցին այնտեղ ցուցադրել «Խոստումը»»,- ասել է Էրիկ Էսրաիլյանը։
Նշենք, որ ֆիլմը բավականին մեծ բյուջե է ունեցել։ Նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ բարերար Քըրք Քրքորյանը։
Վերջերս բազմաթիվ աստղեր համացանցում իրենց աջակցությունն են հայտնում «Խոստում» ֆիլմին։ Նրանք գրառումներ են անում՝ օգտագործելով #KeepThePromise հեշթեգը։ Այս շարժմանն են միացել Էլթոն Ջոնը, Ջորջ Քլունին, Շերը, Դեն Քեյնը, Անդրե Աղասին, Օուեն Ուիլսոնը, Բարբարա Սթրեյզանդը և ուրիշներ։
Ֆիլմում խաղում են բազմաթիվ հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Քրիստիան Բոյլը, Օսկար Այզեկը, Ժան Ռենոն և Անժելա Սարաֆյանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի Միջազգային կինո-փառատոնում։
Ֆիլմի սյուժեն սիրային եռանկյունու մասին է։ Համեստ դեղագործ Մայքլը թողել է իր գյուղն ու մեկնել Կոստանդնուպոլիս՝ բժշկություն ուսումնասիրելու։ Քրիսը ֆոտոլրագրող է, որը ևս Կոստանդնուպոլիս է եկել, որպեսզի լուսաբանի քաղաքական տարբեր հարցեր։ Նա հարաբերություններ ունի Փարիզում սովորած հայ նկարչուհու՝ Աննայի հետ։ Աննայի ու Մայքլի հանդիպման պատճառով տղաների միջև մրցակցություն է սկսվում։ Այս շրջանում զարգանում է Առաջին աշխարհամարտը, ու երիտասարդները ծանր դրության մեջ են հայտնվում։