Հունվար-փետրվարին պետբյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը 3.1 անգամ գերազանցել է եռամսյակային ծրագրային ցուցանիշը
ЭКОНОМИКА2017 թվականի հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է 8.6 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, այն 3.1 անգամ գերազանցել է եռամսյակային ծրագրային ցուցանիշը:
Արտաքին աղբյուրներում եռամսյակային ծրագրով նախատեսված 7.6 մլրդ դրամի դիմաց 2.2 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները: Մասնավորապես, արտաքին դոնորների կողմից նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրվել են շուրջ 8.2 մլրդ դրամ վարկային միջոցներ, որից 4.5 մլրդ դրամը ստացվել է միջազգային կազմակերպություններից, 3.7 մլրդ դրամը` օտարերկրյա պետություններից:
Ավելի քան 5.9 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտքի մարմանը, որից 5.0 մլրդ դրամն ուղղվել է միջազգային կազմակերպությունների, 857.6 մլն դրամը՝ օտարերկրյա պետությունների և 52.3 մլն դրամը` օտարերկրյա առևտրային բանկերի նկատմամբ պարտավորությունների մարմանը: