ՀՀ պետբյուջեի եկամուտների 95.1 տոկոսը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին
ЭКОНОМИКАՀՀ 2017 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար-փետրվարին կազմել են շուրջ 172.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 172.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 66.8%‑ով և 53.9%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները:
Ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ժամանակին կատարումը: Արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 3.6 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 73.4%‑ը, իսկ ծախսերը` 3.3 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 53.8%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 14.2%-ով, ծախսերի գծով` 12.5%-ով:
2016 թվականի հունվար-փետրվարի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.2%‑ով կամ 11.6 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով:
Պետական բյուջեի եկամուտների 95.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.5%-ը` այլ եկամուտների, 0.4%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: