«Էդգարն արժանի էր այդ հաղթանակին». «X Factor 4»-ի մասնակից Թամարա Խուբլարյան
ЛАЙФExclusive
Past.am-ի զրուցակիցը «X Factor»-ի 4-րդ եթերաշրջանի մասնակից, «The Steps Band» խմբի մենակատար Թամարա Խուբլարյանն է:
- Նախագծի վերջնարդյունքից սկսենք. համամի՞տ եք հեռուստադիտողի կարծիքի հետ:
- Քանի որ մենք նույնպես Գարիկի թիմից էինք և մեր թիմից միայն Էմմանուելն ու Մարիամը հասան եզրափակիչ, ցանկանում էի նրանց տեսնել որպես հաղթող: Հաղթեց Էդգարը, ես շատ ուրախացա նրա համար, և քանի որ մասնակիցները բոլորն իմ ընկերներն էին, ես կուրախանայի յուրաքանչյուրի հաղթանակով ու կտխրեի յուրաքանչյուրի դուրս մնալով:
- Եթե Դուք լինեիք որոշողը, ու՞մ կտայիք հաղթողի տիտղոսը և, առհասարակ, այսպիսի՞ն էինք պատկերացնում եզրափակիչ եռյակը:
- Ես էլ էի որոշողների շրջանում, քանի որ ակտիվ քվեարկել եմ ծրագրի ամբողջ ընթացքում, սակայն շատ անսպասելի էր Աբրահամի դուրս մնալը: Կարծում եմ՝ ոչինչ չէի փոխի, Էդգարն արժանի էր այդ հաղթանակին:
- Նախորդ եթերաշրջաններին հետևե՞լ եք: Ի՞նչ եք կարծում՝ հաղթողների որակական առումով առաջընթաց կա՞:
- Հետևել եմ բոլոր եթերաշրջաններին և այն կարծիքին եմ, որ գնալով կատարելագործվում են թե՛ մասնակիցները, թե՛ հենց պրոյեկտը:
- Ձեր խմբից խոսենք. «The Steps Band»-ը կմնա մեր հուշերում՝ որպես «X Factor»-ի մասնակից խու՞մբ, թե՞ պատրաստվում եք շարունակել ձեր համատեղ գործունեությունը:
- «X Factor» նախագծից հետո որոշակի ժամանակով երաժշտությունից դադար եմ վերցրել, վերադառնալուն պես, շատ հնարավոր է նորից նրանց հետ շարունակեմ:
- Որպես անհատ կատարող նախագծից դուրս մնալով՝ հե՞շտ համաձայնեցիք շարունակել պայքարը՝ որպես խմբի մենակատար:
- Արվեստը ինձ համար սահմաններ չի ճանաչում, և ես չունեմ սկզբունքներ բեմում միայնակ երգելու կամ բենդով երգելու հետ կապված: Ի սկզբանե «X Factor»-ին մասնակցելիս կարևորը բեմում լինելն էր և երգի միջոցով ինքնարտահայտվելը:
- Եթե չաշխատեիք Գարիկի հետ, ու՞մ կցանկանայիք տեսնել Ձեր պրոդյուսերի դերում:
- Գարիկին բոլորս շատ ենք սիրում, նա լավ մարդ է, լավ երաժիշտ: Պրոյեկտի ընթացքում մենք շատ բաներ ենք հասցրել սովորել նրանից և ի սկզբանե ցանկանում էինք, որ նա լիներ մեր ղեկավարը։ Ժյուրիի բոլոր անդամները պրոֆեսիոնալ են իրենց գործում, բոլորին հարգում եմ ու համոզված եմ, որ ով էլ լիներ մեր ղեկվարը, շատ սովորելու բան կունենայինք իրենից։
- Տարածված կարծիք կա, որ «X Factor»-ն ու նմանատիպ այլ նախագծերն ամենակարճ ուղին են՝ դեպի հայտնություն: Արդյոք այդ գործոնն ազդե՞լ է Ձեր՝ նախագծին մասնակցելու որոշման վրա:
- Հայտնիությունը երբեք իմ նպատակը չի եղել, սակայն միշտ էլ հաճելի է, երբ քեզ լսում են, ճանաչում են, համամիտ եմ, բայց քեզնից է կախված, թե դա ինչքան կտևի, ինչքան ժամանակ դեռ քեզ կհիշեն և ինչ ձևով։
- Երբևէ նորից կփորձե՞ք Ձեր ուժերը «X Factor»-ում:
- Դեռևս չեմ մտածել այդ հարցի շուրջ, բայց չեմ բացառում ոչ մի տարբերակ:
Մարիամ Նալբանդյան