Արամ Ոսկանյան. Երիտասարդները ցույց տվեցին, որ տակտիկապես և հոգեբանորեն պատրաստ են փոփոխություններին
СПОРТՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Բանանց» - «Փյունիկ» (0:1) հանդիպումից հետո լրագրողների հետ զրուցեց տանտերերի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը.
«Ճիշտ է՝ խաղի արդյունքից դժգոհ եմ, սակայն հանդերձարանում տղաներից շնորհակալություն հայտնեցի ցուցադրած խաղի համար: Կան խաղեր, երբ հաղթանակից հետո դժգոհ ես, և կան խաղեր, երբ պարտվելուց հետո գոհ ես. սա այդ դեպքերից է:
Տղաներին հաջողություն մաղթեցի. կան ֆուտբոլիստներ, ովքեր միանալու են տարբեր տարիքային հավաքականներ: Այսօր տեսանք, որ երիտասարդ ֆուտբոլիստները պատրաստ են կատարել առաջադրանքները. պատրաստ էին թե՛ տակտիկապես նոր խաղաոճում, թե՛ հոգեբանորեն:
«Միկայի» հետ խաղից քիչ ժամանակ էր անցել, սակայն մենք կարողացանք փոփոխել մարտավարությունը՝ գործելով կենտրոնական 3 պաշտպանով և նույնքան հենակետայինով: Ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ պատրաստ են արագորեն համակերպվել:
Առաջին խաղակեսում հիանալի հնարավորություն ունեինք, որը բխում էր նոր մարտավարությունից. այն է՝ ետին գծում ուշադիր խաղալ և գործել հակագրոհներով: Եթե գոլը լիներ, ամբողջապես կկայանար մեր մտահաղացումը:
Ցանկանում եմ հավելել, որ շարունակելու եմ վստահել երիտասարդներին. նրանք այսօր ցույց տվեցին, որ «Բանանցի» ապագան են»:
- Լաերսիոն փոխարինման մտնելուց հետո բավականին ակտիվացրեց խաղը. ավելի նպատակահարմար չէ՞ր, որ մեկնարկայինում լիներ:
- Մենք պետք է B պլան ունենանք. Լաերսիոյին և Միխայլովիչին պահեստայինների նստարանին թողնելով՝ սպասում էինք, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները: Լաերսիոն փոխարինման մտավ, որպեսզի ակտիվացնի խաղը, սակայն եթե մեկնարկայինում լիներ, խաղը ակտիվացնելու լավ տարբերակ չէինք ունենա: