Գարեթ Բեյլը «Բավարիա»-ի դեմ խաղին չի մասնակցի
СПОРТՄադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը չի կարողանա օգնել «Ռեալ»-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում Մյունխենի «Բավարիա»-ի դեմ պատասխան խաղում: Վկայակոչելով իսպանական Marca պարբերականը, այս մասին նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքո ւմ հայտարարել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
«Գարեթ Բեյլը վնասվածքից հետո քրտնաջան աշխատել է, որպեսզի առաջիկա խաղում մեզ հետ լինի: Սակայն հիմա նրա մոտ որոշակի անհարմարություն է նկատվում, որը խանգարում է, որպեսզի ֆուտբոլիստն իրեն լավ զգա: Սակայն ես կարծում եմ, որ ոչինչ չի խանգարի, որպեսզի նա մի քանի օրից կրկին մեզ հետ լինի: «Բավարիա»-ի դեմ նա չի խաղա, քանի որ մենք չենք ցանկանում ռիսկի դիմել: Հույս ունեմ, որ նա կկարողանա մասնակցել «Բարսելոնա»-ի դեմ խաղին, սակայն չեմ կարող երաշխավորել դա»,- ասել է Զիդանը:
Ֆրանսիացի մասնագետն արդեն որոշել է, թե գերմանական ակումբի դեմ կարևոր խաղում ով է փոխարինելու Գարեթ Բեյլին, սակայն հրաժարվել է մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցնել այդ ֆուտբոլիստի անունը` մրցակցի առաջ «խաղաքարտերը» չբացելու համար:
Զիդանն անդրադարձել է նաև իսպանացի կիսապաշտպան Իսկոյի վերաբերյալ հարցին` կխաղա՞ իսպանացին մեկնարկային կազմում «Բավարիա»-ի դեմ, թե ոչ: «Իսկոն, ինչպես մեր բոլոր ֆուտբոլիստները, ցանկանում են միշտ հաղթել: Իսկոն, ինչպես բոլոր ֆուտբոլիստները շատ լուրջ նախապատրաստական աշխատանք են տարել առաջիկա հանդիպմանը մասնակցելու համար: Սա է ամենակարևորը: Հետո կերևա, թե մենք ինչ կորոշենք ու ինչպես կխաղանք»,- եզրափակել է Զիդանը: