Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում կկայանան պատասխան հանդիպումները
СПОРТԵվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում ապրիլի 20-ին կկայանան պատասխան հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Բեշիկթաշ»-ը սեփական հարկի տակ կընդունի ֆրանսիական «Լիոն»-ին: Թիմերի առաջին խաղն ավարտվել է «Լիոն»-ի հաղթանակով՝ 2-1 հաշվով: Ֆրանսիական ակումբին, միանշանակ, հեշտ խաղ չի սպասվում, քանի որ բոլորին է հայտնի, թե թուրքական ակումբները որան համառ են սեփական հարկի տակ խաղերում, իսկ բուռն աջակցության պակաս նրանք երբեք չեն զգում: Իսկ մրցակցի հարկի տակ հեղինակած գոլը թուրքական ակումբի ֆուտբոլիստներին որոշակի առավելություն է տալիս պատասխան խաղից առաջ: Թեև «Լիոն»-ն էլ նվեր չէ ու «Բեշիկթաշ»-ին ևս հեշտ խաղ չի սպասվում:
Բելգիական «Գենկ»-ը սեփական հարկի տակ կընդունի իսպանական «Սելտա»-ին: Դիմակայության առաջին խաղում իսպանական թիմը դժվարին հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ՝ 3-2 հաշվով: Մրցակցի հարկի տակ հեղինակած երկու գոլերը բելգիական ակումբի համար որոշակի հույսեր պահպանում են, սակայն «Սելտա»-ն Իսպանիայում «ամուր ընկույզ» համարվող ու անկանխատեսելի թիմ է: Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ այս խաղում երկրպագուներն ականատես կլինեն լարված ու հետաքրքիր պայքարի:
Հայ ֆուտբոլասերների համար խաղային օրվա ամենահետաքրքիր հանդիպումը կկայանա Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, կհյուրընկալի բելգիական «Անդերլեխտ»-ին: Դիմակայության առաջին խաղն ավարտվել է ոչ ոքի 1-1 հաշվով: Այդ խաղում անգլիական ակումբի կազմում միակ գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն էր: Պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներն ունեն առավելություն՝ մրցակցի հարկի տակ խփած գոլի և ոչ ոքի խաղալու հաշվին, սակայն «կարմիր սատանաներ»-ին դա չպետք է բավարարի: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի թաքցրել, որ ցանկանում է նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը, ինչը մյուս մրցաշրջանում թիմին Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր կպարգևի: Իսկ մրցաշարը հաղթելու համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները պետք է մնացած խաղերում հաստատեն իրենց բարձր կարգն ու հավակնությունները:
Գերմանական «Շալկե-04»-ը սեփական հարկի տակ կընդունի հոլանդական «Այաքս»-ին: դիմակայության առաջին խաղն ավարտվել է հոլանդական ակումբի վստահ հաղթանակով՝ 2-0 հաշվով: Սակայն չի կարելի ասել, որ դիմակայության ելքն արդեն վճռված է: Գերմանական ակումբը սեփական մարզադաշտում ու երկրպագուների առաջ կփորձի չեզոքացնել մրցակցի առավելությունը և հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Որքանով դա նրանց կհաջողվի, ցույց կտա ժամանակը: