Կարինա Առուստամյանը՝ Եգիպտոսում սիրելիի հետ հանգիստն անցկացնելու լուրերի մասին
ФОТОLife.panorama.am-ը գրում է
Երգչուհի Կարինա Առուստամյանը օրերս է վերադարձել Եգիպտոսից, ուր մեկնել էր հանգստի նպատակով: Երգչուհին թե հանգստի ընթացքում, եւ թե վերադառնալուց հետո ակտիվորեն կիսվում է լուսանկարներով, որոնցից մեկում նա մի երիտասարդի հետ սուզվել է ծովը՝ ցուցադրելով «Diving»-ի ողջ հմայքը:
Life.panorama.am-ը փորձեց խոսել Կարինայի հետ՝ տեղեկանալու, թե արդյոք երգչուհին սիրելի ունի եւ նրա հե՞տ է մեկնել հանգստի:
«Սովորաբար չեմ սիրում անձնականիս մասին խոսել, բայց այս անգամ կասեմ՝ ոչ, լուսանկարի տղան մեր գիդն էր, ով պարտավոր է բոլոր այցելուների հետ սուզվել ծովը, քանի որ միայնակ շատ վտանգավոր է: Նա դարձավ մեր շատ լավ ընկերը, քանի որ ակնհայտ էր, որ լավ մարդ է: Հավելեմ նաեւ, որ սիրելի չունեմ, իմ սիրտն ազատ է: Իսկ մեկնել էի հանգստի մտերիմ ընկերուհուս հետ ու պետք է ասեմ, որ անմոռանալի ժամանակ ենք անցկացրել»,- նշեց Կարինան ու պատմեց հանգստի մասին.
«Վերջին ժամանակներս թե ես, թե ընկերուհիս բավականին ծանրաբեռնված էինք աշխատել, ուստի որոշեցինք ինքներս մեզ համար հաճելի հանգիստ պլանավորել: Նա ինձ վստահեց, որպեսզի ես որոշեմ վայրը, հյուրանոցն ու այնտեղ կազմակերպվող շրջագայությունները: Ընտրեցի Եգիպտոսը, քանի որ ոչ մի անգամ այնտեղ չէի եղել եւ պետք է ասեմ, որ շրջելով շատ երկրներում, սա իմ տեսած լավագույն երկրներից է, որտեղ մատուցվող ծառայությունները շատ բարձր մակարդակի էին, նրանք շատ ճիշտ քաղաքականությամբ են ընդունում ու ճանապարհում իրենց հյուրերին: Մենք որոշեցինք, որ ունենալու ենք գերակտիվ հանգիստ: Ուսումնասիրեցինք ամբողջ Շարմ Էլ Շեյխը: Այստեղ շատ հետաքրքիր կարելի էր կազմակերպել օրերդ՝ մենք եղանք անապատում, սուզվեցինք ծովը, լողացինք նաեւ դելֆինների հետ, մեկնեցինք նաեւ Dahab, որտեղ լողացինք կապույտ լագունայում, ինչպես նաեւ ուխտերով զբոսանքի դուրս եկանք, նավի հատակում տեղակայված ակվարիումում լողացինք՝ տեսնելով ծովի հրաշքը եւ այսպես շարունակ: Իհարկե, փորձեցինք նաեւ իրենց խոհանոցը, որն անմահական էր»,- պատմեց երգչուհին:
Կարինա Առուստամյանը նշեց նաեւ, որ մեծ թվով լուսանկարներ հրապարակելը հատուկ նպատակ ուներ.
«Սովորաբար, երբ ես որեւէ երկիր եմ մեկնում, սկսում եմ ուսումնասիրել, թե ինչով կարելի է այնտեղ զբաղվել: Եթե ընկերներս նախկինում այնտեղ եղած են լինում, փորձում եմ նրանց նկարները նայել ու հասկանալ, թե ուր եմ գնում եւ այնտեղ ինչով պետք է զբաղվեմ: Հենց այս նպատակով էլ մենք շատ լուսանկարներ ենք հրապարակում, որպեսզի մյուսներն էլ տեղեկանան, թե ինչ հետաքրքիր կարելի է կազմակերպել հանգիստդ Շարմ Էլ Շեյխում»,- ավարտեց երգչուհին: